1.7 մլն դրամ մրցանակային ֆոնդ. 26 խաղ. Հաղթողները հայտնի կլինեն շուտով
«Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), վաղը` ժամը 12:00-17:00, տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը:
Բոլոր ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես և տեղում ծանոթանալ ներկայացված խաղերին ու խաղալ համակարգիչներով կամ շարժական սարքերով:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության հաղորդմամբ, առաջնության խաղերի ցուցահանդեսին մասնակցում են 26 խաղ (համեմատության համար՝ նախորդ տարի եզրափակիչ փուլում մասնակցում էր 19 խաղ): Մասնակիցների թվում են թե՜ սկսնակ ընկերություններ, թե՜ պատանիներ թե՜ տեղացիներ և թե՛ արտերկրում ապրող հայեր:
«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Orange-ը մեծ ոգևորությամբ է մասնակցում այս ամենամյա նախագծի իրականացմանը, որը թույլ է տալիս նորանոր տաղանդներ բացահայտել, աջակցել նոր թիմերի, նախագծերի ու ընկերությունների ստեղծմանը, ինչպես նաև խթանում է Հայաստանում խաղային ոլորտի զարգացմանը՝ մի ոլորտ, որը բուռն վերելք է ապրում ամբողջ աշխարհում»,- ասել է Օրանժ Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:
Առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն կերպար», «Լավագույն 3D լուծում», «Պատանիների առաջնություն-Junior»: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդական մրցանակ»:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «Օրանժ Արմենիայի» կողմից երրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:
Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo կազմակերպություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան