Դավիթը չափահաս երիտասարդ է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն. Նախարարը մեկնաբանել է
Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը՝ որպես հայր և պաշտոնակատար, չի պատրաստվում որևէ կերպ միջամտել Իրան–Հայաստան սահմանին թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալված, ապա կալանավորված որդու՝ Դավիթ Վարդանյանի գործով նախաքննությանը և վատ է զգում կատարվածի համար, այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը։
«Ինչ վերաբերում է որդուս հետ կատարվածին, կարող եմ միայն մի բան ասել. իհարկե, որպես հայր, ես ինձ շատ վատ եմ զգում որդուս հետ տեղի ունեցածի համար, երբևէ որդիներս չեն առնչվել որևէ միջադեպի: Հուսամ սա մեր ընտանիքում առաջին ու վերջին դեպքը կլինի»,– ասել է նա:
«Դավիթը չափահաս երիտասարդ է, ինքնուրույն մարդ, և այն ինչ արել է, թող կատարած քայլի համար պատժվի օրենքի տառի համաձայն: Համենայն դեպս, ես՝ որպես հայր և պաշտոնատար անձ, չեմ պատրաստվում որևէ կերպ միջամտել դրան»,– ավելացրել է նախարարը:
Յուրի Վարդանյանը, անդրադառնալով տեղեկություններին, որ որդին ձերբակալվել է Իրանում և հանձնվել հայ սահմանապահներին, ինչպես նաև լուրերին, թե ԱՄՆ-ում եղած ժամանակ ինքը ստորագրություններ է կեղծել, ասաց, որ լիովին հասկանում է, որ ստեղծված իրավիճակում որոշ մարդիկ կջանան, որպեսզի առիթն օգտագործելով պղտոր ջրում ձուկ որսան։
«Եվ դա կանեն այսօր էլ, վաղն էլ… Որոշ լրատվամիջոցների օգնությամբ նույն այդ անձիք փորձում են կեղծ տեղեկատվություն տարածել՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող պատմություններ ու հերոսներ հորինելով, ու միայն մի բանի համար, որ սևացնեն, ստվեր գցեն իմ հեղինակության վրա: Ես այդ հրապարակումներին լուրջ չեմ վերաբերվում, և բացարձակապես անհանգստանալու պատճառ չունեմ»,– ասել է Յուրի Վարդանյանը:
Ինչ վերաբերում է նախարարի հրաժարականի պահանջին, ինչի մասին ևս շատ է գրվում, ապա հիշեցնենք, որ նրա մամուլի խոսնակն ավելի վաղ ասել էր.«Առանց մեկնաբանության»:
Նախորդող հրապարակում.
Յուրի Վարդանյանի որդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է. Հաստատում է ոստիկանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին