Զ.Փոստանջյան. Պայմանավորվածություն ունենք, որ նա ամեն ձևով աջակցելու է ինձ
«Դա խտրական մոտեցմամբ օրինագիծ է: Մանկավարժները, որ պատգամավորներից ավելի լավ են աշխատել, աշխատավարձի բարձարցում չեն ունենում, ինչո՞ւ պետք է վարչապետի, նախարարների, պատգամավորների աշխատավարձերն ավելի բարձր լինեն, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ ոչ: Դա անբարոյական է»,- Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրինագծի քննարկմանը:
Նրա խոսքով, ներկայիս իշխանությունները թալանով են զբաղված` վերացնում են 18 հազար դրամ նպաստը և իրենց աշխատավարձերը բարձրացնում.
«Այս հակահայ կառավարությունը հերթական անգամ բացահայտ ասում է, որ այո, դուք կարող եք քաղցած լինել այնքան, մինչև սովամահ լինեք, այո` ես կարող եմ իմ աշխատավարձը բարձրացնել: Ամեն անգամ իրենցից պետք է սպասենք հարվածներ, միայն նման երևույթների ամեն անգամ պետք է ականատես լինենք, քանի դեռ այս խմբակը մեր երկրում կառավարում է»,- նշեց պատգամավորը:
«Քաղաքական էլիտան իր համար բարենպաստ պայմաններ է ստեղծում: Օրենքը պետք է ուժի մեջ մտնի հուլիսից, բայց մինչ այդ մեր քաղաքացիները պետք է ապրեն` թանկացումներ են լինում և այլն: Մենք իրավունք չունենք նպաստավոր պայմաններ ստեղծել մեր քաղաքական էլիտայի համար»,- հավելեց Զ. Փոստանջյանը:
Ինչ վերաբերում է «Ժառանգություն» խմբակցությունում վերջին զարգացումներին և իր խմբակցության ղեկավար ընտրվելուն, Զ.Փոստանջյանն ասաց, որ ոչ մի տարօրինակ բան խմբակցությունում չի կատարվել և Ռուբեն Հակոբյանի հրաժարականը իր անձի հետ ընդհանրապես կապ չունի.
«Մենք պայմանավորվածություն ունենք, որ նա ամեն ձևով աջակցելու է, որպեսզի այս պատասխանատվությունը ես հնարավորինս կարողանամ իրականացնել: Այնպես որ ոչ մի արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով