«Зеркало». Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պետք է շահագործման հանձնվեր 2009թ, սակայն այն չի աշխատի նաև 2014թ.
«Լրանում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու պաշտոնավարման ժամկետը: Իր ելույթում նախագահը մեծ ափսոսանք է հայտնել, որ այդ ընթացքում չի կարողացել մեկնարկել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգծի շահագործման ծրագիրը», - նշված է ադրբեջանական «Зеркало» թերթում հրապարակված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ ԲԹԿ երկաթուղային գծի վրացական տարածքի շինարարության աշխատանքները մեկնարկել են 2007թ. նոյեմբերի 21-ին: Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախարարները` Իլհամ Ալիևը, Միխայիլ Սահակաշվիլին և Աբդուլլա Գյուլը, ԲԹԿ-ի շինարարության մեկնարկի վերաբերյալ խորհրդանշանական փաստաթուղթ են ստորագրել, որը տեղադրվել է պարկուճի մեջ, իսկ այնուհետև` երկաթուղային գծի հիմնաքարում:
«ԲԹԿ-ի շինարարության մեկնարկի մասին համաձայնագիրը ստորագրվել էր 2007թ. փետրվարի 7-ին, իսկ աշխատանքների ավարտը սպասվում էր 2009թ-ին: Ցավոք, ԲԹԿ-ն շահագործման չի հանձնվի ոչ միայն այս, այլ նաև սպասվող տարվա ընթացքում: Այս առիթով զարմանք է առաջացնում այն, որ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել, որ շինարարական աշխատանքներն ընթանում են հաստատված ժամանակացույցի համաձայն», - գրում է «Зеркало»-ն:
Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նախարարության տրանսպորտային քաղաքականության բաժնի ղեկավար Քետևան Սալուկվաձեն, ԲԹԿ երկաթուղային ծրագրի իրականացման մասին խոսելիս, հայտնել է, որ ընթացիկ ժամանակացույցի համաձայն` այդ երկաթուղու վրացական տարածքի աշխատանքները կավարտվեն 2015թ: Իր խոսքերով`այսօր առաջին տարածքում (Մարաբդա-Թեթրիցկարո) կատարված է աշխատանքների 78%-ը, երկրորդ տարածքում`(Թեթրիցկարո-Ցալկա)` 54%-ը, երրորդ տարածքում (Ցալկա-Ախալքալաք)` 23%, չորրորդ տարածքում (երկաթուղու կանգառը)` 9%-ը, երկաթուղու կայարանում`39%-ը և երկաթուղու հինգերորդ տարածքում (Ախալքալաք-Կարցախի)` 33%-ը:
Սալուկվաձեն նշել է, որ Վրաստանում այդ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 767 միլիոն դոլար: Նախատեսվում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի շրջանակներում կառուցել նոր 105 կմ երկարությամբ երկաթգծի ճյուղ: Բացի այդ, Վրաստանում կվերակառուցվի Ախալքալաք-Մարադբա-Թբիլիսի երկաթուղային տարածքը, որը կմեծացնի վերջինիս թույլատրելի կարողությունը տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռ:
Հետագայում, «Մարմարայ» (Բոսֆորի ստորջրյա թունելի շինարարությունը) ծրագրի իրականացման ավարտից հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի օգնությամբ կապահովվի ելք դեպի Եվրոպա:
«Մարաբդա-Կարցախի երկաթուղի» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բիչիաշվիլին հայտնել է, որ ԲԹԿ երկաթուղու շինարարությունն ընթանում է արագացված տեմպով, սակայն դժվար թե այն հնարավոր լինի օգտագործել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ռազմական նշանակության բեռների դուրս բերման համար: Ընկերության նախագահը, ով երկաթուղու վրացական տարածքի շինարարության նախագծի համակարգողն է, հինգշաբթի օրը ծանոթացել է ապագա երկաթգծի աշխատանքների ընթացքին: «Աֆղանստանից զորքերի և բեռների դուրս բերումը նախատեսված է սկսել 2014թ-ին, իսկ այդ երկաթգծի բացումը հազիվ թե լինի մինչև 2015թ.», – լրագրողներին հայտնել է Օլեգ Բիչիաշվիլին: