Ռազմական փորձագետ. Ադրբեջանի գնած նոր համակարգերի դեմ պայքարն առանձնապես բարդություններ չի առաջացնի
ՌԴ-ն հայտարարել է, որ իրականացնելու է Ադրբեջանի հետ 2012 թվականին կնքված պայմանագրի դրույթները, այն է՝ 18 ինքնագնաց հրետանային համակարգերի («Вена», 122 մմ տրամաչափի) մատակարարումը Ադրբեջանին:
Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ համակարգերի մարտական հնարավորություններին, ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը նշեց, որ այդ համակարգերը որպես կրակային հզորություն բավականին արագաշարժ են, շարժունակությունը մեծ: Այն կարող է հաշված րոպեների ընթացքում որոշել կոորդինատների տեղը, նշանակետի տվյալները վերցնի, հրաձգություն վայրից ու հեռանա: Առավելություններից է նաև այն, որ և՛ արկ է արձակում, և՛ ականանետային կրակ, համակարգի վրա նաև գնդացիր է տեղադրված լինում:
Նրա խոսքերով, կան ինքնագնաց հրետանային համակարգերի տարբեր մոդելներ, որոնցից առավել արդիականները կոմպյուտերային համակարգերով է համալրված, կարող են որոշել իրենց անհրաժեշտ կոորդինատները, ռադիո ու լարային կապով հրամանատարական մեքենայից ստանում է կոնկրետ տվյալներ յուրաքանչյուր հրանոթի համար:
Հարցին, թե անհրաժեշտության դեպքում, նման համակարգերի դեմ ի՞նչ միջոցներով, զինատեսակներով կարելի է պայքարել, ռազմական փորձագետը նշեց. «Մենք ունենք «Գիացինտ-2Բ5», որի հրաձգության հեռավորությամբ, կարելի է ասել համարժեք այդ համակարգերի 2S31 մոդելին, իսկ դա զինատեսակի վերջին արդիականացված մոդելն է: Մեր համապատասխան զինատեսակով կարելի է «Վենա»-ին խոցել և ելքային վիճակում և նույնիսկ կրակադիրքերում: Կան նաև այլ միջոցներ, էլ չեմ ասում օդային խոցման միջոցների մասին: Մեկ հանգամանք ևս, սրանք 122 մմ տրամաչափի համակարգեր են, որոնց հզորությունն այդքան էլ մեծ չի ու դրա դեմ պայքարելն առանձնապես խնդիրներ չի առաջացնում: Սա գումարտակային, գնդային մակարդակի սպառազինություն է: Առանձնապես մեծ ձեռք բերում չէ»: