Global Gender Gap Report-2013. ՌԴ-ն գենդերային խտրականության մակարդակով 61-րդ տեղում է
Գենդերային խտրականության մակարդակով Ռուսաստանը հայտնվել է 61-րդ տեղում, տեղավորվելով Լաոսի և Բրազիլիայի արանքում: Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի պատրաստած «Global Gender Gap Report-2013» զեկույցում:
Առաջատարը աղյուսակում Իսլանդիան է, ընդ որում այս երկիրը առաջին տեղը զբաղեցնում է հինգերորդ տարին շարունակ: Երկրորդ և երրորդ տեղերում են Ֆինլանդիան ու Նորվեգիան, առաջին տասնյակում են նաև հայտնվել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեդիան, Ֆիլիպինները, Իրլանդիան, Նոր Զելանդիան, Դանիան, Շվեյցարիան և Նիկարագուան:
«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, Ռուսաստանը գենդերային խտրականության մակարդակով անցած տարվա համեմատ նվազել է երկու տեղով: Իսկ ամենացածր ցուցանիշը Յեմենինն է, այն զբաղեցրել է վերջին` 136-րդ տեղը. ցանկի վերջին տեղերը բաժին են հասել մասնավորապես մահմեդական երկրներին:
Զեկույցից հետևում է, որ երկրի ֆինանսա-տնտեսական վիճակը ամենևին էլ չի ազդում ցանկում իր զբաղեցրած դիրքի վրա: Եթե Նիկարագուան ու Ֆիլիպինները, օրինակ, առաջին տասնյակում են, ապա ԱՄՆ-ն 23-ում, Ֆրանսիան` 45-ում, իսկ Իսրայելը զբաղեցրել է 53-րդ տեղը: