Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող Սարավան շրջանում տեղի ունեցած զինված բախման հետևանքով 17 իրանցի սահմանապահ է զոհվել
«Իրանցի սահմանապահների և «Ջայշ-ուլ ադլ» զինված խմբավորման միջև տեղի ունեցած զինված բախման արդյունքում 17 իրանցի սահմանապահ է զոհվել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիսթան և Բալուչեսթան նահանգի Սարավան շրջանում սահանապահների և զինված խմբավորումների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 17 սահմանապահ զոհվել, 5-ը՝ վիրավորվել, իսկ 4 հոգի՝ գերեվարվել է:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ««Ջայշ-ուլ ադլ» խմբավորումը, թեև պատասխանատու պաշտոնյաները դեռևս այդ տեղեկատվությունը չեն հաստատել: Նշված կազմակերպության «Թվիթերի» էջում նշվում է, որ այն զինված պայքար է մղում հանուն Իրանի սուննիների պաշտպանության:
Նկատենք, որ Սիսթան և Բալուչեսթան նահանգը Իրանի ամենաընդարձակ նահանգն է, որտեղ ապրում են բալուչներ և ֆարսեր: Տեղի բնակչության մի մասը իսլամի սուննի, իսկ մի մասը՝ շիա ուղղության հետևորդ են:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում