Սաակաշվիլին մեկնաբանել է Չախալյանի հետ տեղի ունեցած միջադեպը
Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Վրաստանի կառավարությունում առկա են «կասկածելի կապերով մարդիկ», ինչը, նրա պնդմամբ, կարող է օգտագործվել հետագա սադրանքներ կազմակերպելու համար: «Նովոստի Գրուզիա» գործակալության տեղեկացմամբ, Սաակաշվիլին արտակարգ հայտարարությամբ է հանդես եկել նախօրեին Ջավախքում «Ժողովրդավարական ուղի. Միացյալ Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հետ ընդհարման կապակացությամբ:
«Չախալյանը եկել էր կառավարող կուսակցության ակտիվիստների հետ: Այս մասին պետք է խորհեն բոլորը, և առաջին հերթին` կառավարությունը: Մեկ տարի առաջ նման տարրերը դժվար թե հանդգնեին անել դա... Եթե այսօրինակ սադանքները մենք օգտագործենք քաղաքական նպատակների համար, թշնամին կօգտագործի հետագայում դա մեր իսկ դեմ», - ասել է Սաակաշվիլին:
Վրաստանի ղեկավարն հավելել է, թե երկրի կառավարության կազմում կան մարդիկ, ովքեր «կասկածելի կապեր են պահպանում թշնամու հետ» և հերթական անգամ մեղադրել իշխանությանը «ռուս գործակալներին» ազատ արձակելու համար, որոնց ինքը մտադիր էր փոխանակել Ռուսաստանում գտնվող վրացի հետախույզների հետ:
Հիշեցնենք, նախօրեին Միխեիլ Սաակաշվիլիի և Վահագն Չախալյանի միջև թեժ լեզվակռիվ էր տեղի ունեցել, որի ընթացքում հնչել էին փոխադարձ վիրավորանքներ:
Վրացական իշխանությունները ձերբակալել էին Վահագն Չախալյանին դեռ 2008-ին, իսկ 2009-ին դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտելու, խուլիգանության և զենքի պահպանման համար: Տարեսկզբին Չախալյանը Վրաստանի նոր կառավարության հայտարարած համաներմամբ ազատ էր արձակվել, ինչը Սաակաշվիլին որակել էր որպես «հակապետական քայլ»:
Նախորդիվ`
«Ծադի Միշա». Ինչո՞վ սկսվեց և ավարտվեց Սաակաշվիլի-Չախալյան հանդիպումը (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա