Համերգ Երևանում և Գյումրիում՝ Վլադիմիր Սպիվակովի և Հասմիկ Պապյանի մասնակցությամբ
Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 10-11-ը Հայաստանում համերգներով հանդես կգա Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից:
Երևանյան համերգը կկայանա նոյեմբերի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Այն նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։
Իսկ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Վ. Սպիվակովի ղեկավարությամբ, ելույթ կունենա Գյումրիում։ Գյումրիում տեղի ունենալիք համերգը կկայանա «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։ Որպես մենակատարներ հանդես կգան Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկը (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և Հասմիկ Պապյանը (սոպրանո, Հայաստան)։
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգները տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության և Ռուստանի Դաշնության մշակույթի նախարարությունների և ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան