«The Guardian»- ն անդրադարձել է «ջազին հայկական շունչ հաղորդող» Տիգրան Համասյանին
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է հայազգի աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանին: Հոդվածագիր Ջոն Լևիսն հարցազրույց է վերցրել անվանի հայ երաժշտից` նոյեմբերի 19-ին լոնդոնյան ջազ փառատոնի շրջանակներում վերջինիս համերգին ընդդառաջ:
Հեղինակը գրում է, թե 26-ամյա փոքրամարմին և կրակոտ ամերիկահայ երաժիշտը համարվում է ամենակրքոտ ջազ դաշնակահարը, ով շարունակում է բեմեր նվաճել և մեծագույն ակնածանքի արժանանալ այնպիսի մեծանուններից, ինչպիսիք են Չիք Քորեան, Բրեդ Մեհլդաուն և Հերբի Հենկոքը: Վերջինս նույնսիկ մի առիթով գոչել է. «Տիգրա՛ն, դու իմ ուսուցիչն ես»:
Հեղինակը նշում է, թե Համասյանն ինքը վստահ չէ, թե արդյոք իր ստեղծագործությունները ջազային են: «Կարծում եմ, այն, ամեն դեպքում, ջազ է այն իմաստով, որ դա ես եմ հորինում: Լեզուն, որը փորձում եմ օգտագործել ստեղծագործելիս, չի սերվում լոկ դասական ջազից, այլ հայկական ժողովրդական երաժշտություն է պարունակում»:
«Համասյանն աչքի է ընկնում իր գրավիչ երաժշտական ճաշակով: Նա տարված է հայկական, սկանդինավյան և հնդկական մոտիվներով, սակայն միաժամանակ խորությամբ ուսումնասիրել է դասական երաժշտությունը: Հենց Համասյանն է, ով ասում էր` հեռանկարային ջազ դաշնակահարի համար գերադասելի է բիբոպ ջազի փոխարեն նվագել Բախ կամ Շոպեն:
Հեղինակը նշում է, որ Համասյանը ծվել է Գյումրիում ոչ երաժիշտների ընտանիքում: Մեծ երաժշտության նկատմամբ սերը Համասյանի մոտ ձևավորվել է հոր ռոք երաժտության հավաքածուները պարբերաբար լսելիս: Led Zeppelin, Black Sabbath, Deep Purple և Queen` սրանք են կատարողները, որոնք վաղ հասակից երիտասարդի մոտ ձևավորել են սերը դեպի երաժշտությունը: Երեք տարեկանում Համասյանն արդեն կարողանում էր դաշնամուրի վրա պարզունակ մեղեդիներ կատարել: «Պետք է շնորհակալ լինենք Սովետական միությանը, ուր դասական կրթության համակարգը ճիշտ կերպ էր դրված: Բոլորն իրենց բնակարաններում դաշնամուր ունեին` անկախ այն հանգամանքից` երաժիշտներ են, թե` ոչ» - պատմում է Տիգրանը:
Ինը տարեկան հասակում Համասյանն արդեն ուժերը փորձում է ջազում և նույնիկ ներգրավվում տեղական խմբերից մեկում` որպես երգիչ: Այդ ժամանակներից էլ Համասյանը սկսում է իմ իմպրովիզները բեբոպ ջազային ոճում` դրանք հարստացնելով հայկական ժողովրդական մոտիվներով:
«Գաղափարս այն էր, որ ժողովրդական մեղեդիները պետք է վերածեի ջազային իմպրովիզների: Առաջին փորձերն անհաջող էին: Խնդիրն այն որ, որ ժողովրական երաժշտությունը լադային է և չի ենթակվում հարմոնիկ փոփոխությունների: Այսինքն` փորձում ես հարմոնիա ստեղծել մի մեղեդու համար, որը պարզապես չունի այն: Բարդ էր», - ասում է Համասյանը:
Թերթը նշում է, թե քիչ հայ ջազ երաժիշտներ են փորձել անել դա, փոխարենը Տիգրանը ոգեշնչվել է դասական կոմպոզիտորներ` Ավետ Տերտերյանի և Առնո Բաբաջանյանի գործերով, «որոնք հայկական ժողովրդական երաժշտությունը խեղահեղ բարձունքների հասցրեցին»:
16 տարեկանից Համասյանը տեղափոխվում է Կալիֆոռնիա, ուր ապրում է մինչ օրս: 18 տարեկան հասակում է նա ձայնագրում է իր առաջին ալբոմը:
Հեղինակը գրում է, թե նախորդ տարի Համասյանը տարվա մեծ մասն անցկացրել է Հայաստանում, որտեղ էլ ավելի է խորացել ժողովրդական երաժշտության ուսումնասիրություններում:
«Ժողովրդական երաժշտությունը կարծես արտահայտման առաջնային ձև է: Այժմ երաժիշտ համարվելու համար պետք տարբերվող, ինչ-որ բանով առանձնահատուկ լինես, սակայն այն ժամանակ բոլոր էին երաժիշտներ. Ցանկացած գործողություն, յուրաքանչյուր արարողություն ուղեկցվում էր երաժշտությամբ: Հետևում ես կարագ հարող կնոջը, և նրա յուրաքանչյուր շարժման մեջ հնչում է ժողովրդական մեղեդի: Մեկնում ես Հայաստանի գյուղական բնակավայրեր և տեսնում, թե ինչպես մարդիկ երգում են և ակամայից ներդաշնակվում: Դա սքանչելի է, կարծես ականատեսն է դառնում ժողովրդական երաժշտության ծնունդին» - ասում է Համասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան