«The Washington Post» -ն Ադրբեջանի ընտրությունների կեղծումը ներառել է «2013թ. ամենավատ գաղափարների» ցուցակում
Ամերիկյան «The Washington Post» պարբերականը կազմել է ինը կետից բաղկացած «2013թ. ամենավատ գաղափարների» ցուցակը, որտեղ ներառվել են նաև Ադրբեջանի նախագահական ընտրությունները: «Ադրբեջանը քվեարկության արդյունքները հրապարակել է նախօրոք: Չափազանց նախօրոք: Ընտրություններից մեկ օր առաջ», - գրում է թերթը` նշելով, որ այդ փաստը ծաղրել են ամենուր:
Ըստ հոդվածի` պատճառը հեռախոսների համար նախատեսված ծրագիրն էր, որը մշակվել էր Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: «Արտահոսքային» տվյալների համաձայն`Իլհամ Ալիևը հաղթում էր 73%-ով, իսկ ընտրությունների արդյունքում նա ստացավ 84,5%, գրում է «The Washington Post»-ը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 84,54%-ով: Երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա ստացել է ձայների 5,53%-ը:
Նշենք, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության միասնական զեկույցում գրված է, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններն անցել են խոսքի և ժողովի ազատությունների սահմանափակման պայմաններում: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի եվրոպական հարցերով նախարար Դեվիդ Լիդինգթոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կիսում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տեսակետն այն մասին, որ Ադրբեջանի ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ-ի առջև ստանձնած այդ երկրի պարտավորություններին: ԵԱՀԿ-ի և Մեծ Բրիտանիայի տեսակետը կիսել են նաև ԱՄՆ պետդեպարտամենտը և Եվրախորհրդարանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում