Ա.Ալիև. Ադրբեջանում ամաչո՞ւմ են, որ Հայաստանն այս տարի 5000 փախստական է ընդունել Սիրիայից
Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայութունը (ՊՄԾ) թաքցնում է միգրացիոն ոլորտում տիրող իրադրությունը: Պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը հստակ չէ: Այդ մասին ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի միգրացիոն կենտրոնի ղեկավար Ալիովսատ Ալիևը:
Փորձագետը նաև նշել է, որ միգրացիոն օրենսդրությունը և գործող այլ կանոնակարգերը, որոնք համակարգում են Ադրբեջանի միգրացիոն գործընթացը, չեն պարունակում տեղեկատվությունը գաղտնիությունը սահմանող նորմեր: «Դա ընդամենը ՊՄԾ ղեկավարության անհատական նախաձեռնությունն է», - ասել է նա:
Ա. Ալիևը նշել է, որ Ադրբեջանում տիրող իրավիճակը առկա է նաև այլ երկրներում: «Մարդիկ մեկ երկրից մյուսն են տեղափոխվում, դիմում են քաղաքացիության համար, հրաժարվում են դրանից, փախստականի կարգավիճակ են խնդրում, մեկն աշխատանքի թույլտվություն է ստանում, մյուսը` ոչ: Կան քաղաքացիություն չունեցող անձինք, նրանց թիվը մեծանում և փոքրանում է: Մեզ դիմում են ապաստան տրամադրելու համար, ինչո՞ւ են նրանք դա անում: Ո՞ր երկրներից և ի՞նչ պատճառով են փախչում այդ մարդիկ: Այդ տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը: Մեզ անհանգստացնում է այն, որ ՊՄԾ-ն չի հետևում թափանցիկության սկզբունքին», - նշում է իրավապաշտպանը:
Ալիովսատ Ալիևի խոսքերով`դա ստիպում է մտածել, որ տեղեկատվությունը թաքցնելու համար ՊՄԾ-ն իր սեփական նկատառումներն ունի, սակայն մեզ հայտնի չէ, թե ինչի վրա են դրանք հիմնված:
«Մենք ասում ենք, որ, օրինակ, Ադրբեջանում կա ավելի քան 150 000 անօրինական օտարերկրացի: Ինչո՞ւ է ՊՄԾ-ն լռում այդ մասին: Ինչո՞ւ է լռում փախստականների մասին: Իսկ միգուցե ամաչո՞ւմ են, որ Հայաստանն այս տարի 5000 փախստական է ընդունել Սիրիայից, իսկ նույն տարվա ընթացքում Ադրբեջանում ընդամենը 55 անձ է փախստականի կոչում ստացել: Միգուցե ամաչո՞ւմ են, որ որևէ փախստական չի կարողացել քաղաքացիություն ստանալ: Իսկ միգուցե ամաչում են, որ փախստականի կոչում ստացած անձանցից շատերը երրորդ երկի՞ր են փախել», - հարցնում է իրավապաշտպանը:
«Vesti.az»-ը նշում է, որ այս շաբաթ հաստատվել է Ադրբեջանի կառավարության անդամների ցուցակը: ՊՄԾ ղեկավար Ֆիրուդին Նաբիևը դարձել է նոր կառավարության անդամ: Ուզում ենք հավատալ, որ Նաբիևը կվերանայի ծառայության գործունեությունը, որը ստեղծման առաջին իսկ օրվանից վերածվել է փակ օբյեկտի:
Քաղաքացիական նախաձեռնությունների եվրասիական հարթակի ղեկավար Ազեր Ալլահվերանովը հայտնել է, որ ՊՄԾ-ն տիրապետում է միգրացիոն դաշտի վերաբերյալ բավարար տեղեկատվության, սակայն այն հասանելի չէ հասարակայնությանը: «Համոզված եմ` տեղեկատվության հետ որոշակի վերլուծական աշխատանք է տարվում: Սակայն միգրացիոն քաղաքականության էֆեկտիվ իրականացման համար կարևոր է, որ ՊՄԾ-ի կողմից ստեղծված տեղեկատվական բազան իր մեջ ընդգրկի բոլոր տարրերը, այլ ոչ թե միայն ելքի և մուտքի որակական ցուցանիշները, վիզայի աջակցման և այլ գործընթացներ: Որոշակի վերլուծություն չկա», - ասել է Ալլահվերանովը:
Նա հիշեցրել է, որ, որպես կանոն, ՊՄԾ ղեկավարը երկրի խորհրդարանում հանդես է գալիս ընթացիկ տարվա արդյունքների թեմային նվիրված զեկույցով: Այդ զեկույցները պետք է հասանելի լինեն նույն կազմակերպության կայքում: Բայց դրանք դուրս չեն գալիս Ադրբեջանի խորհրդարանի սահմաններից: «Հաճախ պատահում է, որ մենք հղում ենք կատարում ոչ թե հանրապետության սահմաններից ներս գոյություն ունեցող աղբյուրներին, այլ դիմում ենք միջազգային կառույցների տվյալներին, որոնք միշտ չէ, որ համընկնում են: Օրինակ, ԵԱՀԿ-ն և ՊՄԾ-ն յուրաքանչյուրն ունեն միգրացիայի վերաբերյալ իրենց տվյալները: Դրա արդյունքում իրադրությանը սխալ գնահատական է տրվում և ստացվում է, որ աշխատանքը արդյունավետ չի իրականանում», - նշել է նա:
Նշենք, որ 1989թ. և 2010թ. Ռուսաստանի մարդահամարների միջև ընկած ժամանակահատվածում ՌԴ-ում ադրբեջանցիների թիվը գրեթե կրկնապատկվել է: Սակայն փորձագետները կարծում են, որ պաշտոնական տվյալները չեն արտացոլում իրական պատկերը, իսկ Ռուսաստանում ադրբեջանցիների ընդհանուր թիվը մոտ 2,5 միլիոն է կազմում: Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների համաձայն` Ռուսաստանում բնակվող միգրանտների թվով Ուզբեկստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից և Ղրղզստանից հետո Ադրբեջանը 5-րդ տեղում է:
Հատկանշական է, որ 2012թ. հուլիսի 5-ին Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտնել է, որ Ռուսաստանում 2,4 միլիոն ադրբեջանցի է բնակվում: Հետևաբար, նվազագույնը 2,5 միլիոնով ավելի քիչ է նաև Ադրբեջանի բնակչության թիվը, որի պաշտոնական վիճակագրությունը գրեթե չի ներառում արտագաղթը: ՌԴ Պետական վիճակագրական հանձնաժողովի համաձայն` 2011թ. Ռուսաստանում հաշվարկվել է Ադրբեջանի 22 306 քաղաքացի, իսկ Ռուսաստանից Ադրբեջան մեկնել է 1 244 մարդ:Ադրբեջանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 21 062 մարդ:
Հատկանշական է, որ Թուրքիայի սահմանային հաշվարկի տվյալների համաձայն` 2011թ. Թուրքիա է մուտք գործել 578 685 Ադրբեջանի քաղաքացի, իսկ մեկնել` 565 484-ը: Այսինքն` միայն 2011թ. Թուրքիայից չի վերադարձել 13201 Ադրբեջանի քաղաքացի: 2011թ. Ադրբեջանից Վրաստան է մուտք գործել 714 426 մարդ, և ետ է վերադարձել 709238-ը, իսկ Վրաստանում Ադրբեջանի միգրացիայի բացասական սալդոն կազմել է 5212 մարդ: Ներքոհիշյալ 3 երկրների պաշտոնական տվյալների համաձայն` 2011թ. Ռուսաստան, Թուրքիա և Վրաստան են տեղափոխվել Ադրբեջանից մեկնածների թվից 40 719-ով ավելի շատ մարդ:
Ընդ որում` ադրբեջանցիների լուրջ արտագաղթ կա դեպի Ուկրաինա, Ղազախստան, ԵՄ երկներ և ԱՄՆ: Իսկ եթե նկատի ունենանք այն, որ պաշտոնական տվյալները ոչ միշտ են արտացոլում իրական պատկերի նույնիսկ փոքր մասը, կարելի է ենթադրել, որ իրականում Ադրբեջանից տարեկան արտագաղթում է ոչ թե 40 հազար, այլ ավելի քան 120 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում