Իտալական մամուլ. Արլաչին լեգիտիմացրել է Թալիբանին, լեգիտիմացնում է Ալիևին
Իտալական Panorama էլեկտրոնային պարբերականը ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Պինո Արլաչիի գործունեությանը:
Վերջինս Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ, թե Բաքվի ռեժիմը «ազատ, արդար և թափանցիկ» է: Թերթն հենց այս հայտարարությանն է անդրադարձել ու նշել, որ իտալացի խորհրդարանականի սկանդալային պահվածքը կասկածելի է ու Բրյուսելում լուրջ մտահոգությունների տեղիք է տվել:
Ըստ թերթի, Եվրախորհրդարանում փակ զրույցի ընթացքում Պինո Արլաչիից հարցրել են, թե ինչու է իր գլխավորած պատվիրակության կարծիքն էականորեն տարբերվում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացրած զեկույցից, վերջինս պատասխանել է, թե այդ կերպ տարածաշրջանում Իտալիայի շահերն է պաշտպանել: Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում իտալա-ադրբեջանական համագործակցությանն ու դրա ծավալներին, թերթը հռետորական հարց է հնչեցնում. «Անհասկանալի է՝ ինչո՞ւ է Արլաչին ցանկանում պաշտպանել այն «փոխադարձ շահերը», որոնք այս պահին ողջ ու առողջ են: Եվ որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է այդ պաշտպանությունը տեղի ունեցել ժողովրդավարություն ճանաչելու միջոցով, որն իրականում գոյություն չունի»:
Անդրադառնալով այն փաստին, որ վերջինիս զեկույցը հարուցել է Եվրապառլամենտի մի շարք անդամների զայրույթն, ու դրան հետևած զարգացումներին, հոդվածագիրը այդուամենայնիվ կրկնվում է՝ «ինչո՞ւ է Արլաչին ժողովրդավարություն տեսել այնտեղ, որտեղ այն ընդհանրապես չկա»: Պատասխանը գտնելու համար հեղինակն առաջարկում է ծանոթանալ Արլաչիի գործունեությանը՝ սկսած ՄԱԿ-ում ունեցած պաշտոնավարումից մինչև Եվրախորհրդարան:
Պարզվում է՝ իտալացին մինչև 2001 թվականը ղեկավարել է ՄԱԿ թմրանյութերի դեմ պայքարի գործակալությունը, հեռացվել է այդ պաշտոնից, քանի որ իր հայրենակիցների Մաուրիսիո Տուրկոն ու Դանիելե Կապեցոնեն նրան մեղադրել են Աֆղանստանում հաստատված թալիբանյան վարչակարգը լեգիտիմացնելու մեջ: Վերջինս պաշտոնավարման ընթացքում նաև ճոխ և կասկածելի հատկացումներ է արել կոմունիստական Լաոսին, ընդհանուր առմամբ 50 միլիոն դոլար: Ըստ թերթի, այս և այլ դրվագներ ստիպել են, որ Արլաչին Քոֆի Անանից կողմից «էլեգանտ» ձևով դուրս է շպրտվի ՄԱԿ-ից: Նրա գործունեության վերաբերյալ ներքին աուդիտի արդյունքներով՝ «խիստ մտահոգություն է արտահայվել Արլաչիի ընտրած կենտրոնացված և կամայական ուղու համար»: Ըստ այդ փաստաթղթի, նա որոշումները կայացրել է միանձնյա, հաշվետու չի եղել դրանց համար:
Այս բացասական փորձով հանդերձ նա 2009-ին հաջողացնում է կուսակցական ցուցակով ընտրվել Եվրոպական խորհրդարանի անդամ, որտեղ մի քանի խմբակցություն փոխելուց հետո սկսում է ադրբեջանական վարչակարգի բարության մասին «մոլորեցնող» հայտարարություններ անել:
Հոդվածագիրը նշում է, որ ՄԱԿ-ում կասկածելի գործունեություն իրականացրած անձի ներկայիս գործունեությանը պետք է խիստ ուշադիր հետևել: Անդրադառնալով ադրբեջանական ընտրությունների վերաբերյալ Արլաչիի ներկայացրած գնահատականին և մեջբերելով «European Voice» հանդեսի հրապարակումը՝ թերթը ներկայացնում է նաև Եվրախորհրդարանի առաքելության մեջ ընդգրկված մյուս գործիչների ևս, որոնց բոլորին էլ անվանում է Ալիևի վարչակարգի «մտերիմներ»:
Եզրափակելով հոդվածը՝ հեղինակը նշում է, որ ստեղծված իրավիճակում մեծ երևակայություն պետք է ունենալ Ադրբեջանի նման երկիրը «ազատ, արդար և թափանցիկ» որակելու համար:
Քանի որ սա այն հազվադեպ դեպքերից է, երբ արևմտյան մամուլն ինքն է փորձում վերհանել արևմտյան գործիչների կասկածելի գործունեության հիմքերն ու առանձին հանգամանքներ, ուստի ճիշտ կլինի հնարավորինս նպաստել իտալական թերթի հոդվածի տարածմանը: Դա կարելի է անել՝ բնագրի էջում պարզապես հավանելով այն: Առավել լայն տարածելու համար սոցցանցերից օգտվողները կարող են հոդվածը զետեղել իրենց և իրենց եվրոպացի ընկերների պատերին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան