Արցախում մանկապարտեզներից և դպրոցներից սուր աղիքային վարակով 42 երեխա է հոսպիտալացվել
Հոկտեմբերի 10-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտ քաղաքի նախադպրոցական և դպրոցական հիմնարկներից սուր աղիքային վարակով ԼՂՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդանոցում» հոսպիտալացվել է 42 հիվանդ, որից 20 երեխայի մոտ լաբորատոր ախտորոշվել է դիզենտերիա հիվանդություն, իսկ մնացած հիվանդների մոտ սուր աղիքային վարակ` չճշտված էթիալոգիայով:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից, հիվանդների 50%-ից ավելին վարակվել են կոնտակտ-կենցաղային ճանապարհով: Ներկա դրությամբ ԼՂՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 9 երեխա:
Բոլոր օջախներում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, վերցվել են ճաշի տեսականիներ, ջրի նմուշներ, օգտագործվող սննդամթերքներ, տարբեր մակերեսներից լվացուկներ մանրէաբանական հետազոտության նպատակով: Լաբորատոր տվյալներով՝ սննդամթերքներում և ջրի նմուշներում դիզենտերիայի մանրէներ չեն հայտնաբերվել, սակայն մատակարարների տարաների և մանկապարտեզների իրերի լվացուկներում հայտնաբերվել է աղիքային ցուպիկի մանրէներ: Դրանից ելնելով համաճարակաբանական ցուցումով հետազոտվել են տարբեր ոլորտի օբլիգատ խմբի աշխատողները` հայտնաբերվել են դիզենտերիայի մանրէակիրներ, ովքեր ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից` բուժում ստանալու նպատակով:
Դիզենտերիա հիվանդության վարակի աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդները, մանրէակիրները, կարող է փոխանցվել նաև շփման միջոցով (կոնտակտ-կենցաղային), ինչպես նաև փոխանցման միջոց է հանդիսանում վարակված ջուրը, սննդամթերքը և կաթնամթերքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են