Բայալի Ազիզով. Ադրբեջանի ռազմական դատախազությունը թաքցնում է բանակում զինվորների մահվան պատճառը
Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերում անհայտ պայմաններում մահացածների ծնողները հայտարարել են, որ դիմել են բոլոր կառույցներ` ռազմական դատախազությունից մինչև հանրապետության նախագահ, սակայն բոլոր դեպքերում բախվել են անտարբերության: Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Բաքվի մեդիա կենտրոնում կայացած մամլո ասուլիսը կազմակերպել է «Հրադադարի ընթացքում մահացած զինվորների իրավունքների պաշտպանություն» հասարակական միավորումը:
Միավորման նախագահ Բայալի Ազիզովն ընդգծել է այդ ոլորտում մեծ քանակությամբ խնդիրների առկայությունը և մասնավորապես ադրբեջանցի զինվորների մահվան տարօրինակ դեպքերը: Մահվան շարունական դեպքերի պատճառը արդար և օբյեկտիվ հետաքննության բացակայությունն է: Ռազմական դատախազությունը հետաքրքրված չէ այդ հանցագործությունները բացահայտելու մեջ և անհիմն կերպով թաքցնում է իրական պատճառները, կարծում է նա:
Ադրբեջանի ԶՈՒ շարքերում սպանվածների ծնողները հիշեցրել են նաև զինվորական մահվան դեմ ուղղված բողոքի ակցիաների, դրանց մասնակցելու համար երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունների և ոստիկանության կամայականությունների մասին:
Մահացած զինվոր Էլչին Քերիմբեյլիի հոր` Ալի Քերիմբեյլիի կարծիքով մահվան այդ դեպքերի պատճառը քաղաքական է: «Կեղծ և փտած ռեժիմը զինվորների մահվան գլխավոր պատճառն է: Զինվորների մահվան դեպքերը չեն դադարի, քանի դեռ այս իշխանությունը չի փոխվել», - ասել է նա:
Իր խոսքերով` իրադրությունը չի ուղղի նաև պաշտպանության նախարարի փոփոխությունը, քանի որ նախարարն ինքն այդ համակարգի մաս է: Միջոցառման մասնակիցները պահանջել են մահացած զինվորներին «շեհիդի կարգավիճակ» շնորհել, անմահացնել նրանց անունները և տրամադրել մահացածներին բաժին հասնող ապահովագրությունը:
«Հրադադարի ռեժիմի զոհեր» հասարակական միավորման նախագահ Բայալի Ազիզովն, ընդ որում, հարցադրում է կատարել. «Եթե մահացած զինվորը հանցագործ էր, ինչպես մեզ ներկայացնում են, ապա ինչո՞ւ են նրան փաթաթում հանրապետության դրոշի մեջ»:
Ոչ մարտական պայմաններում մահացած զինվոր Փարվիզ Իսքենդերով Քիֆայաթի մայրը նշել է, որ իր որդին մահացել է կասկածելի պայմաններում, իսկ մահվան պատճառների վերաբերյալ փորձաքննության տվյալները չեն համապատասխանում իրականությանը, և հետաքննությունը օբյեկտիվ չի ընթանում:
«Իմ որդուն սպանել են, իսկ մեր բոլոր բողոքներն անպատասխան են մնում: Մենք ստիպված էինք ցույցի դուրս գալ: Իսկ ոստիկանությունը, բռնություն կիրառելով, ձերբակալեց մեզ: Մեզ մեղադրեցինք սադրանքի մեջ: Էլ ո՞ւմ կարող ենք դիմել: Մենք միայն արդարություն ենք ուզում, որ մեր անմեղ երեխաներն այլևս չմահանան»,- ասել է նա:
Այնուհետև ելույթ է ունեցել Էլշան Նովրուզովի մայր Սալբի Նովրուզովը: Նա նշել է, որ իր որդին ընդամենը 1.5 ամիս է ծառայել Ադրբեջանի Զինված Ուժերում: Սալբի խանումը պատմել է, որ իր որդուն հեռախոսի համար են սպանել, ընդ որում` որդին պատմել է այլ զինծառայողների` մասնավորապես Յուսուֆ Իսմայլովի հետ ունեցած կոնֆլիկտի մասին:
«Իմ որդին սպորտսմեն էր: Նա մի քանի մեդալ ուներ: Երեկոյան ժամը 5-ին նա վերադարձավ ծառայության: Դրանից հետո Իսմայիլով Յուսուֆը վիճել է նրա հետ: Երբ հրամանատարը տեսել է, որ Էլշանը հաղթում է Յուսուֆին, նա մոտեցել և Էլշանին վզի հատվածում մի քանի հարված է հասցրել, որից հետո մեզ հաղորդել են, որ իմ որդին վզի կոտրվածքով գտնվում է հիվանդանոցում: Նրանք 2 օր որդուս պահել են հիվանդանոցում, և մեզ ցույց չեն տվել: Այնուհետև, Էլշանին ուղղաթիռով տեղափոխել են Բաքու: Մենք երեխային հոկտեմբերի 23-ին ենք տեսել: Նա արդեն մահացած էր: Բացի կողոսկրի կոտրվածքից, նա նաև վզի կոտրվածք ուներ: Չնայած մեր բազմաքանակ բողոքների` մեզ չհաջողվեց ինչ-որ արդյունքի հասնել», - ասել է նա:
Նշենք, որ 2013թ-ից սկսած Ադրբեջանի պետական կառույցներն արդեն հաստատել են 73 զինծառայողների մահը, որոնցից 65-ը մահացել են ոչ մարտական պայմաններում: Բացի այդ, ԶԼՄ-ները հայտնել են զինվորների մահվան ևս մի քանի դեպքերի մասին: Ոչ մարտական պայմաններում ադրբեջանցի զինվորների մահվան բազում դեպքերը և այդ փաստը թաքցնելու Ադրբեջանի իշխանության փորձը 2013թ. Բաքվում հանգեցրին երկու խոշոր բողոքի ցույցերի: Առաջին ցույցը տեղի է ունեցել հունվարի 12-ին, երկրորդը` մարտի 10-ին: Երկու ցույցերն էլ դաժանորեն ցրվել են ոստիկանության կողմից, բռնություն է կիրառվել նաև մահացած զինվորների ծնողների հանդեպ:
Հիշեցնենք, որ 2012թ. մահացած ադրբեջանցի զինվորականների հարազատները մի անգամ չէ, որ ելույթ են ունեցել մամլո ասուլիսների և ԶԼՄ-ների միջոցով` պատմելով, թե ինչպես են ադրբեջանական բանակում հեռացրել մահացած իրենց հարազատների ներքին օրգանները: Ընդ որում` նշվում է, որ ներքին օրգանները հարկավոր են եղել Ադրբեջանի որոշ օլիգարխներին և պաշտոնյաներին: Իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը, ով տվյալ փաստերի առիթով հետաքննություն է պահանջել, Ադրբեջանում ենթարկվել է հետապնդման և ստիպված է եղել լքել հանրապետությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա