Հրաչ Մուրադյանի սպանությունը կազմակերպված խումբ է կատարել. Փաստաբան Առուստամյան
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Այդ մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մուրադյանի սպանության գործը բացահայտելու պահանջով ստեղծված Արդարության պահանջ հասարակական շարժման անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանը:
Նրա խոսքով, այն, որ արդեն ութերորդ ամիսն է գործի նախաքննությունը չի ավարտվում և գործը չի մտնում դատարան, նշանակում է նախաքննությունը դեռ ինչ-որ բան ունի պարզելու: Փաստաբանը նկատում է, որ դաշնակցական գյուղապետի սպանության գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն կատարելու համար, նախաքննությունը պետք է սկսվեր 2010 թվականին տեղի ունեցած կրակոցներից, որոնց ավարտը, փաստորեն, Մուրադյանի սպանությունն էր:
«Ընդհանրապես, պետք է պարզվի նախկինում արված հանցագործությունը, պարզվի, թե ինչ էր կատարվել 2010 թվականի հանցագործությունը, ովքեր են եղել կատարողները: Հիմա էլ արդեն 8-րդ ամիսն է` նախաքննություն է կատարվում, ավելին դեռ որոշ հանգամանքներ պետք է պարզվեն: Այսինքն, պետությունը պետք է իր բոլոր ուժերը ներդներ այդ հանցագործության բացահայտման ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ պետության մեծ ցանկության դեպքում այդ հանցագործությունը բազմակողմանի լրիվ ու օբյեկտիվ չընթանար, չբացահայտվեր ամբողջությամբ: Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, եթե մենք ընդունենք, որ մեղադրյալը կատարել է հանցանքը, ապա բացառվում է, որ ինքը միայնակ կատարեր: Դա կազմակերպված հանցագործություն է, հատկապես հաշվի առնելով սպանության մոտիվը, որը ծառայողական է և կապված է պաշտոնի, իշխանություն ունենալու հետ», -մեզ հետ զրույցում ասաց տիկին Առուստամյանը:
Փաստաբանի խոսքով, Հրաչ Մուրադյանի սպանությունը նրա կյանքի իրավունքի նկատմամբ կատարված հանցանք է, իսկ կյանքի իրավունքն ամրագրվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: «Ոչ օբյեկտիվ քննության պարագայում հնարավոր է, մենք դիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ խախտվել է մարդու` այս դեպքում Հրաչ Մուրադյանի կյանքի իրավունքը»,-հավելեց փաստաբանը:
Տիկին Առուստամյանը նաև տեղեկացրեց, որ Մուրադյանի սպանության գործը բացահայտելու պահանջով ստեղծված Արդարության պահանջ հասարակական շարժումը այսուհետ սկսելու ակտիվ պայքարի փուլ, և դրան ընդառաջ, հոկտեմբերի 29-ին ժամը 16:00-ին շարժումը և Հ. Յ. Դաշնակցությունը երթով ուղղվելու է դեպի նախագահի նստավայր:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարի ապրիլի 2-ին, գյուղապետարանի դիմաց: Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Նախաքննությունը մինչ օրս հաջողություններ չի գրանցել, և այս ընթացքում արդեն մի քանի անգամ երկարացվել է Պետրոսյանի կալանքի ժամկետը: Նրա փաստաբան Գիվի Հովհաննիսյանը պնդում է, որ իր պաշտպանյալը անմեղ է և նրա դեմ որևէ ապացույց չկա: Նախաքննության հաջող ելքին չնպաստեց նույնիսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խոստումը, որով նա դրամական պարգև էր խոստացել այն անձին, որը կկարողանա օգնել նախաքննությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին