Դպրոցը՝ նախկին կոլխոզի շենքում. Սալվարդում ընդամենը 15 աշակերտ կա
Սյունիքի մարզի Սալվարդ գյուղը Նախիջևանից բաժանում է մի սար միայն, այն սահմանից այս կողմ առաջին գյուղն է: «Այն, որ ասում են սահմանամերձ գյուղ, Սալվարդն է, ու ստրատեգիական մեծ նշանակություն ունի: Սալվարդից հետո նոր սկսում են մյուս գյուղերը, իսկ մենք ահագին կտրված ենք այդ գյուղերից: Մեզ Նախիջևանից բաժանող սարի մյուս կողմում էլ Նախիջևանն է: Ուխտասար են ասում, սարի գլխին մեր դիրքերն են, այնպես, որ մենք պաշտպանված ենք ու ոչ մի վտանգ չկա»,- ասում է Սալվարդի հիմնական դպրոցի տնօրեն Հովհաննես Քրիստափորյանը:
Գյուղում 24 տարի է՝ դպրոցի շենք չկա: Նոր դպրոց կառուցելու նպատակով նախկին շենքը քանդել են, կատարել են նախագծային, նախահաշվային և հողային աշխատանքներ, որից հետո դադարեցվել է: «Կոմունիստների ժամանակ էր, ահագին աշխատանքներ կատարել էին, բայց այդպես էլ մնաց: Մենք տեղափոխվեցինք նախկին կոլխոզի շենքը: Վարչական շենք է, հիմա այնտեղ տեղակայված է նաև գյուղապետարանը»,- Panorama.am-ի թղթակցին պատմում է տնօրենը:
Դպրոցն ունի ուսուցչանոց, 7 դասասենյակ, որոնք շատ փոքր են և չեն համապատասխանում արդի պայմաններին, այն ժամանակվա աշխատասենյակներ են: Դասասենյակները վերանորոգման կարիք ունեն, իսկ դպրոցական գույքը շատ հին է. «Ինչ հնարավոր է, մենք մեր կողմից արել ենք, օրերս մարզպետն էլ եկել էր, հիացած էր»:
Տնօրենի խոսքով՝ մասնակի վերանորոգումներ արվել են: Մեկ-երկու դասասենյակ վերանորոգել են կազմակերպությունների ու բարերարների օգնությամբ: Դպրոց ծառայող շինության ներսում չեն կարողացել տեղավորել սանհանգույցը, գրադարանը, լաբորատորիան և ճաշարանը:
Գրադարանը և լաբորատորիան շենքից մոտ 200 մետր հեռավորության վրա են գտնվում, փայտից տնակներ են: Իսկ լաբորատորիայում հին սարքավորումներ են, հիմնականում երկրաչափական պատկերներն են օգտագործում:
Ձմեռը մոտենում է, բայց անհանգստանալու կարիք, տնօրենի խոսքով, չկա: «Մարզպետից վառարաններ ենք խնդրել, ջեռուցումը կկազմակերպենք: Վառելիքի խնդիր չկա, շատ լավ ջեռուցվում է, մենք արդեն պատրաստվում ենք: Միայն մի փոքր պակասություն կարող էր անել, որ դասարանները կիսեցինք, բայց խոստացել են, որ կօգնեն»,- ասում է նա:
Պարենի միջազգային ծրագրի շնորհիվ ճաշարանն աշխատեցնում են: Այն գտնվում է դպրոցից մոտ 100 մետր հեռավորության վրա: «Մենք հովանավոր էլ ունենք, սպասք ենք ձեռք բերել, ամեն ինչ ունենք, նույնիսկ հացն ենք տեղում թխում: Ըստ ծրագրի, մինչև 4-րդ դասարանի երեխաները կարող են օգտվել ճաշարանից, բայց ես դիմել եմ, ասել եմ, որ հովանավոր ունենք, թույլ են տվել, որ 15 աշակերտն էլ դպրոցական ճաշարանում սնվեն»,- ներկայացնում է Հովհաննես Քրիստափորյանը:
Տնօրենի ամենամեծ մտահոգությունը աշակերտների պակասն է. «Աշակերտների թիվն է պակասել, որ իրոք անհանգստացնող է, ընդամենը 15 աշակերտ ունենք: 7 աշակերտ այս տարի ավարտեցին, իսկ առաջին դասարան չունենք: Բայց մյուս տարի հավանաբար չորս առաջին դասարանցի կունենանք»:
Դասարանները կոմպլեկտավորված են, երեք դասարան ունեն պաշտոնապես: «Վարչության պետն ընդառաջել է, քանի որ սահմանամերձ գյուղ ենք, թույլ է տվել, հնարավորության սահմաններում առանձին դասարաններ ենք պահում: Երկու դասարան հնարավորություն ունենք առանձին պարապելու, 5-րդ դասարանը մեկ դրույք ենք պահել, 4 աշակերտ է, և 4-րդն ենք պահում: Կոմպլեկտավորված են 2-րդն ու 3-րդը, 8-ն ու 9-ը: Լավն այն է, որ այս տարիներին ավարտողները քիչ են, 9-րդում մի աշակերտ է, ավարտում է, նույն էլ՝ 8-րդը: Երկու եղբայրներ են»,- ասում է տնօրենը:
Դպրոցն ունի 8 ուսուցիչ: Միայն ռուսերենի ուսուցիչն է, որ բարձրակարգ կրթություն չունի, բայց տնօրենը դրանից էլ չի դժգոհում. «Սահմանամերձ գյուղի համար շատ լավ է, նախկինում միջնակարգ կրթությամբ էին դասավանդում»:
Լուսանկարները տրամադրել է դպրոցի տնօրենը
Գյուղական դպրոցների մասին շարքի նախորդ պատմությունները՝
«Կոմպլեկտավորած դասարանում ուսման որակի հերն անիծվում է». Դպրոցի տնօրենը զենքերը վայր չի դնում
Պատուհանից այն կողմ` ցելոֆաններ երկնքի փոխարեն. Սորիկի աշակերտների երազանքն ու իրականությունը
Դպրոցը՝ վթարային շենքում. Դաշտադեմում մի քանի օրից ընդամենը ինը աշակերտ կմնա
Քայքայված պատեր ու ծակ լուսամուտներ. Վաղատինի դպրոցը
Յոթ աշակերտով դպրոցը, Աճարկուտում քիմիայի լաբորանտն արդեն 15 տարի հայոց լեզու է դասավանդում