Տ.Սարգսյան. Տնտեսական աճի ցուցանիշի տեմպը դանդաղում է նախորդ տարվա համեմատ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային Ժողովին ներկայացրեց 2014թ-ի պետական բյուջեի նախագիծը: Ըստ վարչապետի` առաջին անգամ ներկայացվում է ծրագրային պետական բյուջեի նախագիծ, ինչը նոր մոտեցում է.
«Առաջին անգամ ենք այս մոտեցումով բյուջեն ներկայացնում: Իրականում այս մոտեցումը պահանջում է բավականին մեծ ծավալի աշխատանք, նախարարություններում մասնագիտական կարողությունների շեշտակի ավելացում: Նույնիսկ շատ զարգացած երկրներում այս գործառույթի ներդրումը առնչվում է շատ խնդիրների, և մեզ մոտ երեք տարի է պետք լինելու, որպեսզի այդ գործառույթները լիովին ներդրվեն»,- նշեց վարչապետը:
Նախքան բուն նախագծին անցնելը Տ.Սարգսյանը մեկնաբանեց 2013թ-ի բյուջեի կատարողականը, որը, նրա խոսքով, բնութագրվում է այն հանգամանքով, որ տնտեսական աճի ցուցանիշի տեմպը դանդաղում է նախորդ տարվա համեմատ: Տնտեսական աճի նվազման պատճառներն էլ արտաքին գործոններն են, որոնք մշտապես ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա, բիզնես միջավայրում կան չլուծված խնդիրներ, իսկ որոշ ցուցանիշներով նույնիսկ նահանջ.
«Բիզնես միջավայրի բարելավումը մեզ համար պետք է լինի առաջնային»,- շեշտեց վարչապետը: Շարունակելով բանախոսը նշեց, որ մտահոգիչ է նաև վերջին հինգ տարիների շինոլորտում արձանագրվող անկումը, և այլն.
«Այս գործոնները իրենց բացասական ազդեցությունն են թողել տնտեսական աճի ցուցանիշի վրա: Միևնույն ժամանակ մենք արձանագրում ենք, որ արդյունաբերության մեջ աճի տեմպերը բավականին բարձր են, հանքարդյունաբերությունում ունենք 10 տոկոս աճ, գյուղատնտեսությունում նույնպես այս տարի ակնկալում ենք ցուցանիշի աճ»:
Ելնելով այս ամենից էլ շեշտադրումներ են արվում 2014թ-ի բյուջեում, մասնավորապես` առաջին անգամ ներկայացվում է մի բյուջե, որտեղ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մնում է նույնը: Վարչապետը բացատրեց, թե ինչու է ընդունվել այդ որոշումը.
«2013թ-ին այդ առումով բավականին մեծ քանակի միջոցառումներ են իրականացվել և վարչարարությունը նվազել է: Այսուհետ շեշտադրումն անելու ենք ստուգումների քանակի նվազմանը և շեշտը դնելու ենք ռիսկայի ոլորտների հայտնաբերման ու դրանք ստուգման վրա»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Հաջորդ քաղաքականությունը սոցիալական ուղղվածությանն է, որը վերջին տարիներին, ըստ բանախոսի, փոփոխությունների է ենթարկվել.
«Այսուհետ սոցիալական քաղաքականությունը ուղղված է լինելու ոչ թե հետևանքների մեղմանը, այլ դրանք ծնող երևույթների վերացմանը: Մենք հրաժարվում ենք ֆորմալ մոտեցումից սոցիալական օժանդակություն ցուցաբերելուց` լինելու է ինտեգրված մոտեցում»,- բացատրեց վարչապետը:
Միջոցներն ուղղվելու են նոր աշխատատեղերի ստեղծմանը, նպաստներ հատկացվելու են այն մարդկանց, ովքեր սոցիալապես խոցերի խմբերում են գտնվում : Նոր ծրագրեր են ներդրվելու աշխատանք փնտրողներին բացահայտելու և նրանց օժանդակություն ցուցաբերելու համար, ինչը կնշանակի, որ բյուջեի միջոցները չեն փոշիանա:
Նշենք, որ 2014թ-ի պետական բյուջեի ծախսերը, ըստ նախագծի, կազմելու է 1 տրիլիոն 244 մլրդ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան