Doing Business 2014. Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից այսօր հրապարակած «Գնահատումների ընկալումը ՓՄՁ-ների համար 2014» վարկանիշային զեկույցի տվյալներով` Հայաստանը 189 երկրների շարքում զբաղեցրել է 37-րդ տեղը` զիջելով Բելգիային և առաջ անցնելով Ֆրանսիայից:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներկայացնելով «Գործարարությամբ զբաղվելը- 2014» զեկույցը, նշել է, որ այս տարի գնահատվող երկրների թիվն ավելացել է 4-ով:
Կ. Մինասյանը հայտնել է, որ այս տարի, զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:
Նշենք, որ ՀԲ «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցը գնահատում է այն կարգավորումները, որոնք ուղղակիորեն ազդում են գործարար միջավայրի զարգացման և տնտեսական աճի վրա` հնարավորություն տալով իրականացնել համեմատություններ հետազոտված երկրների միջև 10 ոլորտներում` ընկերության հիմնադրում, շինարարական թույլտվությունների ստացում, սեփականության գրանցում, վարկերի ստացում և այլն: Այն կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա:
ՀԲ երևանյան գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ զեկույցի համաձայն, Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում տնտեսությունների 92 տոկոսը բարելավել է բիզնես սկսելու գործընթացները, մի ցուցանիշ, որ ամենաբարձրն է բոլոր տարածաշրջանների շարքում: Այս ջանքերի շնորհիվ ներկայումս այն դարձել է բիզնեսի մուտքի համար ամենադյուրին տարածաշրջանը՝ առաջ անցնելով ՏՀԶԿ-ի բարձր եկամուտներ ունեցող տնտեսություններից: Ֆինանսական ճգնաժամին ի պատասխան՝ տարածաշրջանի տնտեսությունների 73 տոկոսը բարելավեց սնանկության ընթացակարգերը, իսկ 85 տոկոսը դյուրացրեց հարկերի վճարումը:
Հայաստանում դյուրինացվել է բիզնես սկսելու գործընթացը, մասնավորապես վերացվել են ընկերության գրանցման համար պահանջվող վճարումները: Բացի այդ, հեշտացել է հարկերի վճարումը, քանի որ սոցիալական ապահովագրության համար գործատուի և աշխատողի կողմից վճարվող հատկացումները և եկամտահարկը միավորվել են մեկ ընդհանուր եկամտային հարկի մեջ:
«Զեկույցն ուրախալի զարգացումներ է արձանագրում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: 2009թ.-ից բիզնեսի կանոնակարգիչ դաշտի բացթողումների ամենաշատ շտկումներ կատարած 20 տնտեսություններից 9-ը հենց այս տարածաշրջանում են, մասնավորապես՝ Հայաստանը, Վրաստանը, Կոսովոն, Ուկրաինան, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Մակեդոնիան, Մոլդովան և Լեհաստանը»,-ասել է Համաշխարհային բանկի խմբի Համընդհանուր ցուցիչների ու վերլուծության գրասենյակի տնօրեն Աուգուստո Լոպես-Կլարոսը:
Զեկույցի վերաբերյալ Panorama.am-ի հրապարակումները` քիչ անց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան