«Երևանյան հեռանկարներ»-ի հերթական անակնկալը՝ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմով և դիրիժոր Ստեֆան Վիլիխ
«Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը նոյեմբերի 7-ին և 8-ին հերթական անակնկալն է մատուցելու երաժշտասեր հայ հասարակությանը: Նոյեմբերի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում ելույթ է ունենալու ռուս դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը: Ծրագրում հնչելու է Վ. Սիլվեստրովի, Ի. Ստրավինսկու, Ա. Շյոնբերգի, Գ. Ուստվոլսկայայի, Ա. Պյարտի, Կ. Դեբյուսու ստեղծագործություններից:
Իսկ ահա նոյեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ա. Լյուբիմովը ելույթ է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Դիրիժորն է գերմանացի Ստեֆան Վիլիխը, ով Բեռլինի երաժշտական ակադեմիայի նախագահն է և Բժիշկների համաշխարհային նվագախմբի դիրիժորը: Ծրագրում հնչելու է Լ.Վ. Բեթհովենի, Վ. Ա. Մոցարտի, Ռ.Վագների, Ռ. Շտրաուսի ստեղծագործություններից: Առաջիկա համերգներն ու համերգային ծրագրերը Panorama.am-ին ներկայացրեց փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:
«Մոսկվայում ծնված դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը մեկն է այսօրվա առավել գունեղ և ինքնատիպ երաժիշտ կատարողներից։ Նրա մեծ երգացանկը, զուգորդված նվիրվածությունն իր սկզբունքներին և երաժշտական բարոյականությանը, դարձրել է նրան մի ուշագրավ բացառություն այսօրվա երաժշտական ասպարեզում»,- ասաց նա:
Ալեքսեյ Լյուբիմովը համերգներով հանդես է գալիս Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում։ Ելույթներ է ունեցել Հելսինկիի, Իսրայելի, Լոս Անջելեսի, Մյունխենի և Սանկտ-Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային նվագախմբերի, Ռադիո Ֆրանսի, Թորոնթոյի սիմֆոնիկ և Բեռլինի Գերմանական սիմֆոնիկ նվագախմբերի հետ։ Համագործակցել է դիրիժորներ՝ Աշկենազիի, Յարվիի, Կոնդրաշինի, Հոգվուդի, Մաքերասի, Նագանոյի, Նորինգթոնի, Պլետնևի, Սարաստեի, Սալոնենի, Յանովսկիի և Տորտելիեի հետ։ Պատմական ելույթներ է ունեցել Լուսավորության դարի նվագախմբի, Վիեննայի ակադեմիայի և Գենտի Կոլեգիա վոկալե խմբերի հետ։ Կամերային երաժշտության ասպարեզում պարբերական ելույթներ է ունենում փառատոներում հայտնի մենակատարների և համույթների հետ ողջ աշխարհում։
Ինչ վերաբերում է գերմանացի դիրիժորին, պրոֆեսոր Վիլիխը բազմաթիվ կազմակերպությունների և Սրտաբանության ամերիկյան քոլեջի և Եվրոպական սրտաբանության միության անդամ է։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում են սիրտ-անոթային հիվանդություններին, կանխարգելիչ բժշկությանը, առողջապահական տնտեսագիտությանը, ինտեգրատիվ բժշկությունը ավանդական և միմյանց լրացնող մեթոդներին համատեղելուն և երաժշտության ու բժշկության հարցերին։ Նա հեղինակ և համահեղինակ է ավելի քան 500 հրապարակումների։ Ի հավելումն իր բժշկական գործունեությանը, Ստեֆան Ուիլիխը նաև կայացած երաժիշտ է։ Նա ջութակ է նվագում վեց տարեկանից, որ խրախուսել են նրա երաժշտասեր ծնողները: Ուսանել է ջութակ, կամերային երաժշտություն և նվագավարություն Շթութգարթում և Բեռլինում: Այդ ժամանակից ի վեր մասնակցել է դիրիժորության հեղինակավոր սեմինարների Մյունխենում, Բոսթոնում և Փարիզում: Նա պարբերաբար մասնակցում է նվագավարական աշխատանքների և կամերային երաժշտության համերգների։ 2007-ին հիմնադրել է Բժիշկների համաշխարհային նվագախումբը, որն Պրոֆ. Վիլիխի ղեկավարությամբ բարեգործական համերգներով շրջագայել է աշխարհով մեկ` անվանի մենակատարների մասնակցությամբ։
«Երևանյան հեռանկարներ» փառատոնն այս տարի մեկնարկել է Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հիշարժան համերգով, և շարունակաբար ներկայացրել այլ իրադարձային համերգներ, որոնց թվում էին Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախումբը, Հորտուս Մուզիկուս անսամբլը, ինչպես նաև Յուրի Բաշմետը և Մոսկվայի մենակատարներ կամերային նվագախումբը, Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» քառյակը:
Նշենք, որ փառատոնը 2008թ. անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնին աջակցում են նաև մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: