Ճամբարակի մշակութային կենտրոնի վերանորոգումն ամփոփված է
Ճամբարակում կայացել է վերանորոգված Բորյան եղբայրների անվան թանգարանի և մշակութային կենտրոնի բացումը, որին ներկա էին ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչները, Ճամբարակի քաղաքապետը և բնակիչները:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, «Ճամբարակի թանգարան և մշակութային կենտրոն» ծրագիրը մեկնարկել է 2013 մայիսի 15-ին՝ ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի միջև համագործակցության շրջանակում: Այն նպատակ ունի վերականգնել Ճամբարակի թանգարանը և գրադարանը՝ վերածելով այն համայնքային և մշակութային կենտրոնի, ինչպես նաև հիմնել արհեստների և արվեստների խմբակներ /գորգագործության և փայտամշակման/ երեխաների և դեռահասների համար։
Ճամբարակ քաղաքի մշակութային կենտրոնը և Բորյան եղբայրների անվան թանգարանը, որը կառուցվել է 70-ականներին, վաղուց գտնվում էր խարխլված վիճակում: Թանգարանի վերականգնումը կօգնի պահպանել մշակութային ժառանգությունը և համայնքի երեխաների համար կրթության և ժամանցի հնարավորություն կստեղծի: Ճամբարակի և հարակից գյուղերի 1500 երեխաների համար այն նաև հնարավորություն կընձեռի անհրաժեշտ հմտություններ ձեռք բերել՝ հետագայում աշխատանք գտնելու համար:
Նախագծի ընդհանուր բյուջեն կազմել է 22,287,600 դրամ, որից 12,300,000 դրամը տրամադրել է ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը, իսկ 9,987,600 դրամը՝ Վորլդ Վիժն Հայաստանը:
ՔՐՈՆԻՄԵՏ բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 2011թ.-ի հունիսին, որի հիմնադիրն է ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ԲԸ գերմանական ընկերությունը: