Վահագն Խաչատրյանը` աշխատավարձերի բարձրացման մասին. «Հիմնավորումներ չեմ տեսնում այնտեղ, անհրաժեշտությունն էլ չի երևում»
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար անհասկանալի է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, անհասկանալի են նաև դրա համար բերվող հիմնավորումները:
«Հիմնավորումներ չեմ տեսնում այնտեղ, անհրաժեշտությունն էլ չի երևում, թե դա ինչ է փոխվելու, ես չգիտեմ: Եթե խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, ապա սա այդ հարցը չի լուծում: Խնդիրն այլ տեղ է, աշխատավարձերի մեջ չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական որոշում պետք է լինի»,-Panorama.am-ին ասաց ՀԱԿ անդամ տնտեսագետը, կարծիք հայտնելով, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը կբերի ոչ թե կոռուպցիայի նվազեցմանը, այլ դրա չափերի ու ծավալների մեծացմանը:
Նա մատնանշում է Սինգապուրի օրինակը, որտեղ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձեր են ստանում, բայց այնտեղ հստակ պայման կա` «պետական չինովնիկը գողություն չի անում, պետական չինովնիկը կոռուպցիայի մեջ չի խրվում»:
«Եթե նման սկզբունք ու մոտեցում ենք դնում, ապա ոչ մեկ չի կարող դեմ խոսել, բայց ես նման մոտեցում չեմ տեսնում: Մեր մոտ պետական պաշտոնյան իր պարտականությունները կատարելուց զատ բիզնեսի մեջ են նաև խրված»,-նկատեց նա:
Տնտեսագետի խոսքով, կարելի է կանոնակարգումներ մտցնել քաղաքացիական ու պետական պաշտոներ զբաղեցնող մարդկանց աշխատավարձերի հարցում, որպեսզի կարիերայի ընթացքում նրանք որոշեն` արժե պետական պաշտոնի մնալ, թե մասնավոր բիզնես գնալ:
«Դա ընդհանուր առմամբ որպես խնդիր կարելի է, բայց թե ինչո՞ւ այսօրվա պայմաններում, երբ բյուջեի միջոցները շատ սուղ են, երբ 2014-ին սպասվելիք տնտեսական աճը շատ կասկածելի է, հաշվի առնելով հատկապես Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական վատթարացումները»,-ասաց նա:
Խաչատրյանը համոզված է, որ օրինագծերի փաթեթն անպայման կընդունվի, «Կուսակցական որոշում է, կարծում եմ, հասել ենք նրան, որ պետք է հետևել ոչ թե Ազգային Ժողովի աշխատանքներին, այլ Հանրապետական կուսակցության: Եթե որոշել են, որ պետք է բարձրացնենք, ուրեմն կանեն»:
Տնտեսագետի խոսքով, այդ գումարները կարելի է օգտագործել ավելի կարևոր հիմնախնդիրների լուծման համար:
«Օրինակ հաջորդ տարվա բյուջեի նախագծից պարզ չէ, թե ի՞նչ խնդիր է այն իր առջև դրել, սոցիալակա՞ն հարց է ցանկանում լուծել, պետական կառավարման արդյունավետությա՞ն, նպաստելու է տնտեսության զարգացման խթանմա՞նը, չկա խոշոր կապիտալ ներդրումային ծրագիր: Միգուցե պետք էր նման նպատակ դնել ու այդ գումարներն օգտագործել նմանատիպ որևէ խնդիր լուծելու համար»,-ասաց նա:
Վ. Խաչատրյանը չգիտի, թե ինչու այս պահին որոշեցին նման փոփոխություն անել, բայց ընդունում է, որ կան մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր իսկապես աշխատավարձի բարձրացման կարիք ունեն: «Ես չեմ շտապում եզրակացություններ անել, այս շաբաթվա մեջ խնդրի մեջ խորանալով, նաև ուրիշ տեղեկություններ ստանալով, վերջնական գնահատական արդեն կարող եմ տալ»,-ասաց նա:
Հիշեցնենք` «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի և հարակից ներկայացված օրինագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության միասնական համակարգ: Եթե մինչ այժմ պետական համակարգի տարբեր ոլորտներում աշխատողների վարձատրությունը կանոնակարգվում էր առանձին օրենքներով, ապա այժմ կառավարությունն առաջարկում է աշխատավարձերի հաշվարկման միասնական սկզբունք՝ բոլորի համար: Ըստ նախագծի՝ բազային աշխատավարձի չափը չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 80 տոկոսից և գերազանցել դրա 120 տոկոսը: Յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով:
Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում ամենաբարձր գործակիցը Հանրապետության նախագահինն է՝ 20, որին հաջորդում են ՀՀ ԱԺ նախագահը և ՀՀ վարչապետը՝ 18 գործակիցներով: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15: Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը այդ սանդղակում ևս 15 է, ավելի բարձր, քան ասենք ՀՀ ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝ 13.50, ՀՀ Ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12: Պատգամավորներինը և փոխնախարարներինը` 10: Վերաքննիչ դատարանի դատավորի գործակիցը 11.50, իսկ ահա ընդհանուր իրավասության դատարանի դատավորների գործակիցը 10 է:` Նվազագույն գործակիցն, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1.25: