Ս. Ասատրյան. Նավթա-գազային գործոնը թույլ է տալիս Ադրբեջանին մանևրել
«Ադրբեջանում գործող նախագահը վերընտրվեց, ինչպես և կանխատեսվում էր: Նա լուրջ ընդդիմադիր մրցակից չուներ: Քանի դեռ Ադրբեջանում կա թվացյալ կայունություն, նա անդադար կփորձի վերընտրվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանում նախագահական ընտրություններին, նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Վերընտրված Իլհամ Ալիևի կողմից կատարված կադրային փոփոխությունների շարքում բանախոսն առանձնացրեց պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովի նշանակումը, ով փոխարինելու է եկել 18 տարի շարունակ Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը ղեկավարող Սաֆար Աբիևին:
«Սաֆար Աբիևի շուրջ ընտրություններից հետո սկանդալ էր հասունացել, որովհետև լուրեր էին տարածվել, թե նա ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ ձայնագրել ու տեսագրել է խոսակցությունը, ինչը դիվանագիտական էթիկայի խախտում է: Սա լուրջ սկանդալ էր: Բացի այդ բանակում բոլոր բացասական երևույթները կապվում էին նրա հետ, ուստի պատահական չէր, որ փոփոխություններ պետք է կատարվեին»,- ասաց Ս. Ասատրյանը:
Անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հնչող կրակոցներին՝ ադրբեջանագետը նշեց, որ դա ևս գնահատվում է որպես նորանշանակ պաշտպանության նախարարի որոշակի ժեստ:
«Ադրբեջանի նորանշանակ պաշտպանության նախարարը փորձում է ետ չմնալ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարություններից և իր մասին հիշեցնել հարևան թշնամի երկրին, որ սրանից հետո այսպես է լինելու, շարունակելու է նույն ռազմատենչ գիծը»,- ընդգծեց բանախոսը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված միջազգային կառույցների չեզոք պահվածքն ու երկակի ստանդարտներով մոտեցումը հրադադարի ռեժիմի խախտման դեպքերում, փորձագետը պատասխանեց, որ սահմանը դիտարկող խմբերի առաքելությանն արդեն լուրջ չի ընկալվում:
«Չեն ցանկանում կոշտ հայտարարություններով, այսպես ասած, նեղացնել Ադրբեջանին, քանի որ կան խոշոր ծրագրեր այդ երկրի հետ կապված՝ չխոսելով նույն նավթա-գազային ռեսուրսների մասին: Ադրբեջանը նավթա-գազային ռեսուրսների այլընտրանքային մատակարար է Արևմուտքի համար, իսկ Արևմուտքի գերխնդիրն է ազատվել Ռուսաստանից ունեցած կախվածությունից»,- փաստեց նա:
Բանախոսի խոսքով, այդ իրողությունը Ադրբեջանի համար ապահովում է որոշակի դաշտ, ուր նա կարողանում է մանևրել անգամ կոշտ հայտարարությունների պարագայում, ինչպիսին էին ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականները: Նրա խոսքով, Ադրբեջանը կարողանում է այդ գործոնը հաշվի առնելով կաշառել եվրոպացի որոշ պաշտոնյաների և դրական կամ չեզոք գնահատականներ կորզել: Ադրբեջանագետի համոզմամբ՝ դրան հակադրվելու համար անհրաժեշտ է քարոզչության ոլորտում ավելի ակտիվացնել ջանքերը: