
Վիգեն Սարգսյան. Եթե Սեֆիլյանը դիմի քաղաքացիություն ստանալու համար, նախագահի աշխատակազմը որոշում կկայացնի
«Պարոն Սեֆիլյանը մերժում ստանալուց հետո չի վերադիմել, իսկ քանի որ չի վերադիմել, ապա հնարավոր չէ նրան քաղաքացիություն տալ», -այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը`պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հարցին, թե ինչո՞ւ արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն չի տրվում:
Այնուհետև Վիգեն Սարգսյանը հիշեց հայտնի խոսքը, թե «լոտոյի խաղարկությունում հաղթելու համար, պետք է գնել տոմս» և հավելեց. «Քաղաքացիություն ստանալու համար պետք է դիմել: Երբ պարոն Սեֆիլյանը դիմի, հնարավորինս արագ նախագահի աշխատակազմը կքննի դիմումը և որոշում կկայացնի»:
Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովում այսօր ներկայացնում էր 2014-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացված միջոցների մասին: