Սիրիայում հրկիզել են հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցին
Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Թել Աբյադ քաղաքում իսլամիստներն հրկիզել են հայ առաքելական Ս. Խաչ եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել արաբ ընտանիքներ: Այս մասին հայտնում է «Ազդակ» օրաթերթը:
Ըստ թերթի թղթակցի՝ վայրագության հետևում կանգնած են «Իրաքի և Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամները: Նրանք հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան իջեցրել են եկեղեցու խաչը և այրել եկեղեցին: Հրդեհի հետևանքով վնասվել է եկեղեցու ներքին հարդարանքը:
Թել Աբյադում հայերն ապրում են 1915 թվականից ի վեր: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1932 թվականին, իսկ վերանորոգվել է 1996 թվականին: Մինչ պատերազմը՝ եկեղեցուն կից գործել է Սուրբ Խաչ կիրակնօրյա դպրոցը: