ԱՀԿ. Սիրիայում գրանցվել է պոլիոմելիթի բռնկում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Սիրիայում վերջին 14 տարում առաջին անգամ արձանագրել է անդամալուծության 22 դեպք. 10-ի պարագայում խոսքը գնում է պոլիոմելիթի մասին, իսկ այս պահին ուսումնասիրվում է մնացած 12-ը: Վարակվածների մեծ մասը երեխաներ են:
ԱՀԿ-ի մամուլի խոսնակ Օլիվեր Ռոզենբաուերը Reuters գործակալությանը փոխանցել է, որ վարակի աղբյուրը պետք է տեղական շրջաններից մեկը լինի, և այդ պատճառով կարևոր է այն արմատախիլ անել տեղում: Ենթադրվում է, որ վարակի աղբյուրը Դեր Զոր նահանգն է:
«Մեծ է տարածաշրջանում վարակի տարածման ռիսկը»,-ասել է Ռոզենբաուերը՝ ավելացնելով, որ մարդկանց տեղաշարժերի դեպքում այն կարող է տեղափոխվել այլ վայրեր:
«Սկսվել է վարակազերկծման գործընթացը»,-եզրափակել է նա:
Նշենք, որ պոլիոմելիթը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է առավելապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով: Պոլիոմիելիթով հիվանդանում են հիմնականում 2-5 տարեկան երեխաները: