«Մարգվելաշվիլիի հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի հայ-վրացական հարաբերությունների զարգացման համար»
Վրաստանում կայացած նախագահական ընտրություննում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլիի հաղթանակը նոր հնարավորություններ կստեղծի հայ-վրացական հարաբերություննների հետագա զարգացման համար: Անդրադառնալով Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Խնդիրն այն է, որ Միխեյիլ Սաակաշվիիլիի օրոք Վրաստանը պատկանում էր այն երկրների շարքին, որոնց արտաքին քաղաքականությանը իրենց կողմից չէր որոշվում: Վրաստանի մայրաքաղաքը ոչ թե Թբիլիսին էր, այլ Վաշինգտոնը: Իսկ Վաշինգտոնը ունի այլ քաղաքական առաջնահերթություններ: Լավ թե` վատ, դա էկան չէ: Կարևոր այն է, որ դրանք այլ էին: Այս պայմաններում Վրաստանի հետ խոսելը համարյա անիմաստ էր: Գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ պետք էր խոսել ոչ թե Վրաստանի, այլ ինչ-որ այլ ուժերի հետ: Այս առումով Հայաստանի հնարավորությունները բավական սուղ էին: Վրաստանի հնարավորությունները նույնպես սուղ էին, որովհետև նրա առաջնահերթություններին փոխարինում էին այլ երկրների առաջնահերթություները»,- նշեց Ա. Իսկանդարյանը:
«Պետք էր լինել հակառուսական և Վրաստանը այդպիսին դարձավ` արդյունքում կորցնելով տարածքներ: Դրա պատճառն այն էր, որ նրա քաղաքականությունը չէր որոշվում Թիբլիսիում: Եթե այն որոշվեր այդտեղ, ապա բոլորովին այլ կլիներ: Ներկայումս Սաակաշվիիլիի իշխանություններից հեռացնելուց հետո, Վրաստանի համար առաջացել է արտաքին քաղաքականությունը սեփական շահերով պայմանավորելու որոշակի հնարավորություն: Այս, հնարավորությունները, իհարկե, մեծ չեն: Սակայն այս հնարավորությունները ի հայտ են եկել և Վրաստանը սկսել է փոխել իր քաղաքականությունը: Սա, իր հերթին Հայաստանի, հայ-վրացական հարաբերությունների համար նոր հնարավորություններ է ստեղծում:
Բանախոսը նշեց, որ Վրաստանի իշխանությունների համար կարևորագույն հարցերից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն է, և այս տեսանկյունից Հայաստանը կարող է որոշ հարցերում ստանձնել միջնորդի դեր:
Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլին` ստանալով ընտրողների ձայների 62,11 տոկոսը: