ԱԳՆ. Ձևակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման վրա բացասական ազդեցության համար
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։
Նախարար Նալբանդյանը կարևորել է Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը, որում նշանակալի դերակատարություն ունի միջխորհրդարանական փոխգործակցությունը։
Աղբյուրի հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է անցած շաբաթ Եվրախորհրդարանում Եվրոպայի հարևանության քաղաքականության վերաբերյալ ընդունված բանաձևը։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ձևակերպումները հակասում են Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշմանը, ինչպես նաև հիմնախնդրի կարգավորման գործընթացում միջնորդական առաքելության միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին։ Նախարարը հավելել է, որ նմանատիպ ձևակերպումների հեղինակները պետք է գիտակցեն, որ պատասխանատվություն են կրում կարգավորման գործընթացի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցության և եռանախագահների՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին վնասելու համար։
Նախորդող հրապարակում`
Շ.Քոչարյան. «Արևելյան գործընկերությանը» նվիրված բանաձևում տեղ գտած ձևակերպումները հակասում են ԵՄ դիրքորոշմանը