Թուրքիայում հայ քաղաքապետ ունենալու հնարավորություն է ստեղծվել
Թուրքիայում գործող «Նոր զարթոնք» կազմակերպության համաղեկավար Սայաթ Թեքիրը խոսել է Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հայերի սպասելիքների մասին և գնահատել է ազգությամբ հայ թեկնածու ունենալու հավանականությունը:
Ըստ թուրքական «Դեմոքրատ հաբեր» լրատվական կայքի` Թեքիրը նշել է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որին անդամակցում է նաև «Նոր զարթոնք» կազմակերպությունը, ի զորու է այնպես անել, որ ազգությամբ հայ քաղաքապետ ընտրվի:
«Այժմ քրդերի, իսկ նախկինում հայերի բնակության վայրերից մեկում հնարավոր է, որ հայ քաղաքապետ ընտրվի»,-նշել է Թեքիրը:
Նա նաև հիշեցրել է կոտորածների և ցեղասպանության մասին, որի պատճառով հայերի թիվը կտրուկ նվազել է:
«Ցավոք, հայերի թիվն անչափ շատ է նվազել, այդ պատճառով էլ ո՛չ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, ո՛չ էլ գլխավոր ընտություններում հայ թեկնածուներ չկան: Բայց ,այնուամենայնիվ, նրանք պայքարում են: Թուրքիայի հայերին այստեղ ընկալում են որպես պահարանային զարդ: Մինչդեռ մենք՝ հայերս, որ այս համակարգի կողմից ճնշվել ենք, պայքարում ենք հավասարության և ազատության համար»: