Սպորտի նախարարը նեղսրտած էր. նա ԱԺ-ից խնդրեց պաշտպանել իրեն լրագրողներից
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նեղսրտած էր, որ ստիպված է խոսել կրթության և սփյուռքի նախարարներից հետո: «Ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում»,- նիստը վարող ԱԺ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին հարցադրում արեց նա:
Դավթյանը պազաբանեց, որ ըստ հերթականության են լսում նախարարներին: «Դուք ամենավերջինը չեք, ձեզանից հետո երկու նախարար էլ կա, պարոն Վարդանյան»,- հստակեցրեց Արտակ Դավթյանը: Սակայն Յուրի Վարդանյանը շարունակեց պնդել, որ իր հետ այլևս այսպես չվարվեն: «Սրանից հետո ինձ կգցեք առաջ, որովհետև բոլոր գերատեսչությունները սպորտի հետ կապված են»,- պայման առաջադրեց նախարար Վարդանյանը:
Վերջինն իր ելույթի ժամանակ, պատգամավորների հարցերին ի պատասխան փորձում էր ուղղություն ցույց տալ նրանց, սակայն Արտակ Դավթյանը չդիմացավ ու դարձյալ միջամտեց՝ նախարարին հորդորելով պահպանել կարգը: «Ես և պարոն Մինասյանն ենք նիստը վարում, թույլ տվեք մեր լիազորություններն իրականացնենք և մի խանգարեք»,- նախարարին նկատողություն արեց պատգամավորը:
Անցնելով սպորտի ֆինանսավորմանը, Վարդանյանն ասաց, որ ինքը պատրաստ է բաց խոսել: «Ժողովուրդ, ես ուզում եմ փողի մասին խոսել, բաց խոսել: Երբ ես նոր ստանձնեցի իմ պաշտոնը, մի շաբաթ հետո կլրանա վեց ամիսը, հանրապետության ղեկավարի հետ ունեցած իմ զրույցում ես ասել եմ, որ իմ համար գերխնդիրն այն է, որ մենք մեր երկրում ունենանք նյութատեխնիկական բազաներ և ունենանք դրանց պատշաճ իրավիճակ: Բայց այսօր անմխիթար վիճակում են գտվում մեր մարզաբազաները, սա է իրավիճակը»,- հայտարարեց նա:
Այնուհետև Վարդանյանը Ազգային ժողովից խնդրեց, որ մեկն իրեն ուղեկցի, որպեսզի լրագրողները հարցեր չտան: «Էս լրագրողները հարցեր են տալիս: Ելնելով իմ շուրջբոլորը ընթացող խոսակցություններից, ես ասեմ, որ ոչ մի խնդիր չունի ոչ տղաս, ոչ էլ ես: Ու էդ հարցերով խնդրում եմ ինձ էլ չդիմեք»,- ասաց նա:
Երբ, այնուամենայիվ, լրագորղները փորձեցին ևս մեկ անգամ նախարարին հարցեր ուղղել, Յուրի Վարդանյանն ասաց. «Ընդեղ նիստի ժամանակ բերանս կապեցին ու ուղարկեցին ըստեղ»: Նա հայտարարեց, որ մի տղա չունի, երեք տղա ունի: Դիտարկմանը, որ իր տղան է զբաղվել թմրամիջոցների ապօրինի ներկրմամբ, նա ասաց. «Էդ ձեր կարծիքն է, որ զբաղվում է»: Նա նաև ասաց, որ եթե իր տղային անօրինական կալանավորած լինեին «հիմա ընդեղ չէր լինի»: