Արծվիկ Մինասյան. Արտագաղթի դեմ պայքարը պետք է դառնա ազգային պլատֆորմ
«Արտագաղթը համարվում է այսօրվա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք և արտագաղթի դադարեցման ուղղությամբ պետք է իրականացնել կոնկրետ քայլեր: Այս խնդրի լուծումը պետք է դիտարկել որպես ազգային պլատֆորմ»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկումների արդյունքներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ արտագաղթի հաղթահարման ուղիներ փնտրելու գործում պետք է ներգրավվեն բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանությունը, ընդդիմությունը, այլընտրանքը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները և Հայ Առաքելական եկեկեցին:
«Մարդիկ արտագաղթում են Հայաստանից աշխատանքի բացակայության, արժանի վարձատրություն չունենալու, արդարադատության նկատմամբ հասարակության մոտ հավատի բացակայության, ինչպես նաև ապագայի նկատմամբ անորոշության առկայության պատճառով»,-նշեց Ա. Մինասյանը:
Ա. Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ի առաջարկած «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի նվազեցման ծրագրի մի շարք առաջարկներ արդեն իսկ ներառվում են կառավարության ծրագրերի մեջ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում ՀՅԴ-ի արված առաջարկությունը:
«Մեր ծրագրի մեջ ներառված են արդար վարձատրության համակարգի ներդրումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվում նվազագույն աշխատավարձի խնդրին»,-ասաց բանախոսը:
Ա. Մինասյանը նշեց, որ արտաղագթի նվազեցման համար պետք է հասարակության մեջ հավատը վերականգնել ապագայի նկատմամբ, ինչպես նաև վարել ճիշտ կադրային քաղաքականություն:
«Մենք մեր ծրագրում կարևորում ենք աշխատատեղերի ստեղծման ծրագիրը և պահանջում կառավարությունից հրապարակել աշխատատեղերի ստեղծման «ճանապարհային քարտեզ»: Մեր կարծիքով, կառավարության հայտարարված 100.000 աշխատատեղերի ստեղծումը բավարար չէ»,-ասաց Ա.Մինասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով