Ադրբեջանը մտափոխվել է դադարեցնել իր գործունեությունը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում
Ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության՝ «Եվրանեսթ» ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը նոյեմբերի 1-3-ին կմեկնի Կիև՝ մասնակցելու տվյալ կառույցի Բյուրոյի նիստին` չնայած այն հայտարարությանը, որ Ադրբեջանը մտադիր է կասեցնել իր անդամակցությունը Եվրանեսթին։ «Օրակարգում ներառված են Վրաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները, 2014թ. համար գործունեության ծրագիրը, կազմակերպության մասնակից երկրների նոր համազեկուցողների նշանակումը և այլն։ Սուլեյմանովը մտադիր է այս հարցերի շուրջ ելույթ ունենալ », - գրում է գործակալությունը։
Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Սուլեյմանովը հայտարարել է «Եվրանեսթ» ԽՎ-ում Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանի «ոչ օբյեկտիվ» դիրքորոշումը Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ, հավելում է «Թուրանը»: Միևնույն ժամանակ ադրբեջանական «Minval.az» լրատվական կայքը հայտնում է, որ չնայած ակնկալվում էր, որ խորհրդարանի նիստի ընթացքում կբարձրացվի Եվրանեսթից Ադրբեջանի դուրս գալու հարցը, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ «Պատգամավոր Մուբարիզ Գուրբանլին ընդգծել է, որ նախագահական ընտրություններն արդեն հետևում են, և այս հարցին վերադառնալու ոչ մի անհրաժեշտություն չկա։ Այնուհետև նա ասել է, որ Երվրախորհրդարանի որոշման հետ կապված խուճապի մատնվելու որևէ հիմք չկա։ Գուրբանլին նաև հավելել է, որ Ադրբեջանը Եվրանեսթի անդամ է և հատուկ տեղ է գրավում Արևելյան գործընկերության երկրների հետ կապված գործընթացում», - հաղորդում է կայքը։ «Մենք պետք է օգտագործենք բոլոր կազմակերպությունների ամբիոնները։ Մենք չենք կարող ընդունել որևէ կազմակերպությունից դուրս գալու առաջարկություններից և ոչ մեկը», - հայտարարել է Գուրբանլին։ Նա նաև քննադատության է ենթարկել որոշ պատգամավորների՝ անուններ չնշելով։ Գուրբանլին նշել է, որ «որոշները ելույթ են ունենում արտաքին քաղաքական կապերի մասին՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր գործունեությունը ինչ-որ արտասահմանյան կազմակերպություններում»:
«Դա մենք չենք որոշում, դա նախագահի լիազորությունների մեջ է մտնում։ Մենք պետք է շատ զգույշ լինենք։ Եվրանեսթի հետ կապված որոշ հարցեր խորհրդարանի լիազորությունների մեջ չի մտնում»,- ասել է պատգամավորը։ «Minval.az»-ը ենթադրում է, որ նա նկատի է ունեցել Էլհան Սուլեյմանովի հայտարարությունը, սակայն չգիտես ինչու վերջինս հրաժարվել է ելույթ ունենալ խորհրդարանի նիստում։
Նշենք, որ 2013թ. հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Պաշտոնական տվյալների համաձայն` գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 84,5%-ով` երրորդ ժամկետով ընտրվելով: Երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա ստացել է ձայների
5,53%-ը:
Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները բացարձակ խախտումների, լցոնումների, «կարուսելների» և այլ պատճառներով: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գործակալությունը, ԱՄՆ պետդեպարտամենտը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և Եվրախորհրդարանն ընտրություններն անվանել են ոչ ժողովրդավարական և ԵԱՀԿ չափանիշներին անհամապատասխան:
Ի պատասխան հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանի ընդունած Որոշման, որը դատապարտում է Ադրբեջանի ոչ ժողովրդավարական ընտրությունները և կոչ է անում անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին, «Եվրանեսթ» ԽՎ ադրբեջանական պատվիրակության նախագահ Էլհան Սուլեյմանովը հաղորդագրություն է տարածել, որտեղ Եվրախորհրդարանին մեղադրել է Ադրբեջանում անկարգություններ սադրելու մեջ և հայտարարել է «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության գործունեության կասեցման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում