Գեղարքունիքում մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 4 կրթական օբյեկտ
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակչությունն այժմ ժամանակակից կրթական պահանջներին համապատասխան դպրոց ունի: Դպրոցի բացման հանդիսությանն այսօր ներկա են եղել աշխատանքային այցով մարզում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սամվել Թադևոսյանը տեղեկացրել է, որ թեպետ դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2005 թվականին, սակայն հիմնական աշխատանքները կատարվել են 2012-2013 թթ.: 800 աշակերտի համար նախատեսված դպրոցի ընդհանուր մակերեսն ավելի քան 5600 քմ է:
Դպրոցը բաղկացած է 4 մասնաշենքից՝ 2 ուսումնական, 1 մարզական և 1 ճաշարանային: Դպրոցը շահագործման է հանձնվում ներքին և արտաքին հարդարմամբ, ներքին էլեկտրական և ջրամատակարարմամբ, ջեռուցման և կոյուղու համակարգերով, արտաքին գազի և էլեկտրական մատակարարման համակարգերով և առանձին կաթսայատնով: ՀՀ քաղաքաշինության նախարարության տնտեսումների հաշվին բարեկարգվել է շինարարական օբյեկտի տարածքը: 2005-2013 թթ. դպրոցի կառուցման վրա ծախսվել է շուրջ 830.0 մլն դրամ գումար:
Խոսելով Գեղարքունիքի մարզում պետական բյուջեի շրջանակներում ընթացող շինարարական աշխատանքների մասին` նախարար Սամվել Թադևոսյանը տեղեկացրել է, որ ներկայումս մարզում ընթացող 10 կրթական օբյեկտից այս տարի շահագործման կհանձնվեն 4-ը:
Մնացած շինարարական օբյեկտներից` Ծովինար և Արծվանիստ գյուղերի դպրոցների համար պատվիրվել է վերակառուցման նոր նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք ընդգրկելու են նաև ուժեղացման աշխատանքներ:
Ըստ աղբյուրի, 2014 թվականին Գեղարքունիքի մարզում շահագործման կհանձնվի երկու շինարարական օբյեկտ: Եկող տարվա բյուջեում նախատեսված է նաև Գավառի թատրոնի և Գետաշենի մանկապարտեզի շենքերի նորոգումը, որոնց նախագծային աշխատանքներն արդեն արվել են քաղաքաշինության նախարարության այս տարվա տնտեսումների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա