Նազարյանը` ՄԱԿ-ում. Ադրբեջանը շարունակաբար մերժում է նաև վստահության ամրապնդման միջոցառումները
Ադրբեջանը շարունակաբար մերժում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, այլ նաև վստահության ամրապնդման միջոցառումները` այդ թվում շփման գծից դիպուկահարների դուրս բերման, հրադադարի խախտման դեպքերի համար հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկությունները:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԳԱ առաջին կոմիտեի «Տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցներ» օրակարգի շրջանակում:
Դեսպանն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հիմնահարցերի լուծման, և բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման այլընտրանք գոյություն չունի:
Նշելով, որ վստահության ամրապնդման միջոցները հանդիսանում են կարևոր բաղկացուցիչ միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման ու պահպանման համար՝ դեսպան Նազարյանն անդրադարձել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակաբար հնչող սպառնալիքներին, ռազմական ծախսերի ավելացմանը ու դրա արդյունքում սանձազերծած սպառազինությունների մրցավազքին և սահմանային սադրիչ գործողություններին: