Ջեյմս Ուորլիք. Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև փոխվստահությունն այսօր կենսական նշանակություն ունի
«Վաշինգտոնը Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված բանակցություններում նոր ջանքերի և վստահության հույս ունի», - ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարելիք այցի մասին խոսելիս նա ասել է, որ իր աշխատանքի իմաստը տեսնում է երկու երկրների ժողովուրդների և կառավարությունների կողմից տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատող որոշման ընդունման մեջ:
«Տարածաշրջանի հետ իմ ծանոթացումը հաստատում է, որ մարդիկ ցանկանում են լուծում տեսնել և գիտակցում են, որ կլինեն կորուստներ: Եթե հակամարտությունը լուծվի, համոզված եմ, որ այն Կովկասին բարգավաճում կբերի: Այդ իսկ պատճառով մենք պետք է փնտրենք և գտնենք այնպիսի ճանապարհներ, որոնք մարդկանց և կառավարություններին թույլ կտան հասնել այդ նպատակին», - հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:
Ուորլիքի խոսքերով` եթե նկատի ունենանք այն, որ միջնորդներն այսօր փորձում են երկու երկրների առաջնորդներին նստեցնել մեկ սեղանի շուրջ, «կողմերի միջև փոխվստահությունը կենսական նշանակություն է ստանում»:
«Հաջորդ շաբաթ մենք պատրաստվում ենք տարածաշրջան մեկնել երկու նախագահների հանդիպման կազմակերպման համար. հուսով ենք, որ նրանք որոշում կկայացնեն իրենց հանդիպման վերաբերյալ: Կարևոր է պահպանել կապերը և առաջխաղացման մասին արդյունավետ բանակցություններ անցկացնել: Հուսով եմ, որ Մինսկի խումբը կարող է օգնել այդ գործում», - ընդգծել է Ուորլիքը:
Հանդիպման վայրի և ժամանակի մասին հարցին պատասխանելով` դիվանագետն ասել է, որ դա կախված է նախագահներից: «Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով, բայց դա նրանցից է կախված», - ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:
Ինչ վերաբերում է բանակցությունների և քննարկվող թեմաների մանրամասներին, դիվանագետը նշել է, որ պետք է հարցին իրատեսորեն մոտենալ: «Այժմ պետք է գործնական քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են լայնածավալ բանակցություններ անցկացնելու և որոշման հասնելու համար: Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները հենց դրան են սպասում», - կարծում է Ջեյմս Ոուրլիքը:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով