ԲՀԿ-ական պատգամավորը կարծում է, որ ՄՄ-ին անդամակցելը ճիշտ է
«Մաքսային միությանն անդամակցության որոշումը ճիշտ է։ Հայաստանի համար դա լավ է, որովհետև Ռուսաստանը մեր մեծ եղբայրն է եղել ժամանակին, տարիներ շարունակ շփվել ենք, մեր հարաբերությունները միշտ նորմալ են եղել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը, ով, սակայն, այս կարծիքն ունենալով ամենևին էլ դեմ չի արտահայտվում եվրաինտեգրմանը:
Նրա խոսքով, ԵՄ-ին ինտեգրվելու խնդիրը Հայաստանը նույնպես պետք է դիտարկի. «Այնտեղ էլ լավ կողմեր կան, բայց ոչ բոլորը... դե դուք հասկանում եք, թե ինչը կարելի է վերցնել, ինչը չէ, այնպես որ և՛ այնտեղ կա լավը, և՛ այնտեղ»,- շեշտեց Ա.Մանուկյանը։
Ինչ վերաբերում է նոյեմբերի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին, ապա ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը անպայման պետք է գնա Վիլնյուս, թե ոչ իր խնդիրը չէ.
«Հանրապետության նախագահն ինքն է որոշում իր անելիքները»,- ասաց նա, իսկ վերջում էլ խորիմաստ արտաբերեց՝ «ամենալավ բժիշկը ժամանակն է, ուստի պետք է ժամանակը ցույց տա»: