Դ.Դումանյան. «Նախարարությունում ատկատներ չկան»
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը պնդում է՝ նախարարությունում «ատկատներ» չկան: Այս մասին նախարարը հայտարարեց Ազգային Ժողովում բյուջետային քննարկումներին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում.
«Ոչ, առողջապահության նախարարությունում ատկատ չկա: Իսկ ինչ-որ մեկը, ով այդ մասին ասում է, նրան հարցրեք, թե որտեղ կա: Ես խոսում եմ առողջապահության նախարարության փոխարեն և ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար»,- լրագրողներին ասաց նախարարը:
Նա նշեց, որ իր ասվածի ապացույցը նաև կարելի է տեսնել իր ներկայացրած զեկույցում, համաձայն որի՝ երեք անգամ ավելացել են օրինական մուտքերը, ինչը, ըստ նախարարի, նշանակում է միայն մեկ բան. «Դա նշանակում է, որ համակարգում երեք անգամ պակասել է ստվերը: Չեմ կարծում, որ որևէ մեկը, այդ թվում նաև ես հավատանք, որ ամբողջ ստվերը կարողացել ենք չեզոքացնել. Ոչ, չենք կարողացել, բայց ամեն ինչ անում ենք, որ ամեն ինչ օրինական դաշտում լինի»,- նշեց Դերենիկ Դումանյանը:
Դրան հասնելու համար, ըստ նախարարի, անհրաժեշտ է երկու խնդիր լուծել ու նախևառաջ հասկանալ, թե ինչից է գալիս այդ ստվերը, ինչի համար է առաջանում: Թեև դրա համար էլ շատ գործոններ են նպաստում՝ սկսած հիվանդությունների բուժման գներից, պետության կողմից հատկացված միջոցների արժեքներից, մինչև բնավորություն.
«Դրա համար մենք դեռ անելիքներ ունենք և երբ կկարողանանք ստվերը մոտեցնել զրոյին, այն ժամանակ ես կարող եմ ասել, որ մենք մեծ հաջողության ենք հասել»,- հավելեց նա:
Նախորդիվ՝
Ի՞նչ անել, որպեսզի պետպատվերը հասանելի լինի ամբողջ տարի . Պատասխանում է նախարարը