Խորհրդարանական լսումներ. Հուշարձանների աղճատում, վերահսկողության բացակայություն, բիզնես ծրագրեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները և հիմնախնդիրները» թեմայով այսօր խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանին մի քանի հարց ուղղեց:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ առկա իրավական կարգավորման մոդելը գոհացնում է, բայց դա տեսություն է: «Մենք գործնականում տեսնում ենք, որ հուշարձանները վերանորոգման արդյունքում այնպես են աղճատվում, որ կորցնում են իրենց արժեքը: Ես կարող եմ թվարկել հուշարձանների բավական երկար ցանկ, որտեղ եվրոպատուհաններ են դրված, անգամ այդ ժամանակակից հերմետիկները շատ փնթի են արված: Կորցնում են նախնական տեսքը և արժեքը: Ես կուզենայի հասկանալ, այդ նախագծերի հաստատումն ի՞նչ աստիճան է վերահսկվում, ի՞նչ աստիճանի դետալիզացիայով եք դուք զբաղվում»,- հարցրեց նա:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը հայտնեց, որ իրենք մասնագետների պակասի խնդիր ունեն: «Մենք վերահսկման խնդիր ունենք: Պետության կողմից պահպանվող հուշարձանները հսկվում են պահպանական ծառայության կողմից, բայց կան բացեր: Եթե տեսչություն չկա, չեն կարողանում այդ հարցերը լուծել, գործակալությունը հսկում է ծրագրային փաստաթղթերը և նախագծերի համաձայնեցումն է անում: Եթե վերանորոգումն արվում է առանց համաձայնեցված նախագծի, դուրս է մնում»,- ասաց նա:
«Մասնագետների պակաս կա, օրինակ, վերականգնող ճարտարապետների թիվն է քիչ: Ես չէի ուզենա, որ մենք այսօր խոսեինք անորակ նախագծերի մասին: Բոլոր մասնագետները սկզբում շատ լուրջ նախագիծ են բերում, իրականացման ընթացքում հաճախ շեղումներ են լինում, եղել են: Ես չեմ ուզում վարդագույն ակնոցներով նայել, բայց քաղաքացիական հասարակության ակտիվությունը, տեղերից ահազանգերը, մասնագետների պատրաստվածությունը, վակուումից դուրս գալու ցանկությունը տարեց տարի բերում է նրան, որ գործընթացը շտկվում է: Այն ինչ կատարվում էր մինչև 2006-ը, այդ մասշտաբներն այսօր չկան»,- ասաց նա:
Դավիթ Հարությանը նաև նշեց, որ շատ լավ է, որ կա պետական և մասնավոր հատվածի համագործակցություն: Նա նկատեց, որ փորձը ցույց է տալիս, որ մշակութային հուշարձանները պահպանվում են այնտեղ, որտեղ դառնում են բիզնեսի մաս. «Իհարկե պետությունը պարտավոր է պահպանել: Բայց ինչ ծրագրեր կա՞ն, որ հուշարձաններն էլ գումարներ գեներացնեն, որոնք հնարավորություն կտան պահպանել դրանք»:
Արև Սամուելյանն էլ արձագանքեց, որ և մասնավոր հատվածի, և պետության կողմից արված ներդրումները զարգացրել են հուշարձանների տարածքում զբոսաշրջությունը: Փոխնախարարն օրինակ բերեց Տաթևի վանքը, Գառնու և Զվարթնոցի տաճարները: Նա նշեց, որ առանձին ծրագրեր կան, օրինակ Երևան-Մեղրի զբոսաշրջության երթուղին, որը դեռ աշխատանքային փուլում է, Գորիսի զարգացման ծրագիրը և այլն:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ հավելեց, որ հուշարձանները ակտիվ բիզնես դարձնելու հարցում հասարակության մտածելակերպի հետ կապված լուրջ խնդիր կա:
«Հուշարձանը բիզնեսին ծառայեցնելու առումով մեր հասարակությունն էլ պատրաստ չէ: Հասարակությունը միշտ դեմ է դուրս գալիս: Չափազանց ավանդապահ ենք, պետք է հասկանանք ոչ մի պետական միջոցներ ոչ մի ժամանակում չի բավարարելու, որ հուշարձանները կարողանանք լիարժեք պահենք: Միշտ մեղադրում են, որ հուշարձանները վատ վիճակում են: Մենք պետք է պատրաստ լինենք գործարնական ծրագրերի, պետք է պատրաստ լինենք ողջամիտ կոմպրոմիսների գնալու, որպեսզի հուշարձաններն իրենց ծախսերն ապահովեն: Պետք է տարբերակներ գտնել ներդրողներին հուշարձանը երկարաժամկետ օգտագործման փոխանցելու, որ արդյունք ստանան»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում