Իվան Սեմյոնով. Ոչ մի ռուս չի ցանկանում հեռանալ հրաշալի ժողովուրդ և կլիմա ունեցող Հայաստանից
Ոչ մի ռուս չի ցանկանա հեռանալ Հայաստանից, քանի որ Հայաստանում ապրում է հրաշալի ժողովուրդ, առկա են հրաշալի կլիմայական պայմաններ, ջուր, մրգեր և բարյացակամ վերաբերմունք: Այս մասին «Голос России» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում ռուսական համայնքի խնդիրներին, նշել է «Հայաստանում ռուս հայրենակիցների աջակցման հիմնադիր» կազմակերպության գործադիր տնօրեն Իվան Սեմյոնովը:
Նա ներկայացրել է կազմակերպության առաքելությունը Հայաստանում և տեղեկացրել, որ այն կոչված է բարոյական և նյութական աջակցություն ցուցաբել Հայաստանում ռուսական համայնքին, ինչպես նաև քարոզել ռուսերենը, օժանդակել Հայաստանում ռուսական ինքնության, ռուսների ազգանունների և անունների պահպանմանը, տրամադրել խորհրդատվական և բժշկական օգնություն:
Խոսելով Հայաստանում ռուսական համայնքի դերի մասին՝ նա կարծիք է հայտնել, որ շատ չնչին է ռուսական համայնքի ազդեցությունը, քանի որ չափազանց փոքր է բնակվող ազգությամբ ռուս ՀՀ քաղաքացիների թիվը:
«Ժամանակին ռուսական համայնքը շատ մեծ դեր է խաղացել Հայաստանի կյանքում: Այստեղ էին գալիս ռուս մասնագետներ, բուռն զարգանում էր արդյունաբերությունը, կառուցվում էին նոր ձեռնարկություններ, որոնց համար կադրեր էին պահանջվում: Խորհրդային միության փլուզումից հետո ձեռնարկությունները փակվեցին, աշխատատեղ չկար, և մասնագետների մեծ մասը հեռացավ Հայաստանից»,- նկատել է Ի. Սեմյոնովը:
Նրա համոզմամբ, ազգությամբ ռուս քաղաքացիների խնդիրները Հայաստանում նույնն են, ինչ-որ հայերինը:
«Խնդիրները ռուսների և հայերի համար նույնն են՝ աշխատանքը: Ռուսների համար վիճակը բարդանում է նրանով, որ նրանք լավ չգիտեն հայերեն, իսկ Հայաստանում լեզվի մասին օրենքը շատ խիստ է. դու պետք է աշխատես, գրես, կարդաս, շփվես միայն հայերեն: Մյուս խնդիրը երեխաների ուսման հետ է կապված: Ռուսական դպրոցները փակվել են, իսկ ռուսական դասարաններ կան ոչ բոլոր դպրոցներում»,- նշել է կազմակերպության տնօրենը՝ հավելելով, որ ռուսերենի հետ կապված նոր հեռանկարներ են բացվում Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումից հետո:
«Այժմ, բարեբախտաբար, Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրությունից հետո նոր հեռանկարներ են բացվում, որոնք հուսադրում են ռուսներին և վերաբերում են ռուսերենին: Ռուսներն այսօր ի սրտե ուրախ են, որ Հայաստանն ընտրել է և պահպանում է Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման ուղենիշը»,- ասել է Ի. Սեմյոնովը:
Վերջինս փաստել է, որ Հայաստանի պետական մարմինները որոշակիորեն աջակցում են ռուսական համայնքի խնդիրների լուծմանը:
«Կառավարությանն առընթեր ստեղծվել է Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն, որը զբաղվում է ազգային փոքրամասնությունների խնդիրներով, այդ թվում՝ ռուսական համայնքի: Նախագահի աշխատակազմին կից ստեղծվել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհուրդ, որը նույնպես պաշտպանում է ազգային փոքրամասնությունների շահերը, այդ թվում՝ ռուս բնակչության: Կառավարական մարմինների կողմից ոչ մի խտրականության չենք հանդիպել»,- նշել է նա:
Իվան Սեմյոնովը շեշտել է, որ ռուսական համայնքի ներկայացուցիչները հիմնականում մալոկաններ են, որոնք չեն ցանկանում հեռանալ Հայաստանից և ամեն կերպ փորձում են մնալ:
«Նրանք աշխատասեր մարդիկ են, սիրում են Հայաստանը: Նրանք մնում են այստեղ, քանի որ հավատարիմ են իրենց հավատին, ցանկանում են պահպանել այն, քանի որ գիտեն, որ եթե գնան Ռուսաստան կամ որևէ այլ տեղ, ապա այդ հավատը կկորսվի: Ռուսների և հայերի խնդիրները նույնն են: Գլխավորը աշխատանքն է: Սակայն ռուսներն ունեն նաև իրենց ինքնությունն ու լեզուն պահպանելու խնդիր: Եթե այս ամենն ապահովվի, ոչ մի ռուս չի հեռանա, քանի որ Հայաստանում ապրում է հրաշալի ժողովուրդ, առկա են հրաշալի կլիմայական պայմաններ, ջուր, մրգեր և բարյացակամ վերաբերմունք»,- եզրափակել է Իվան Սեմյոնովը: