ՌԴ-ն փորձում է ընդգծել ՀՀ-ի հետ ունեցած հարաբերությունների լրջությունը
ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ համարվող «Կռասնայա զվեզդա» պարբերականին տված հարցազրույցում, ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին հայտարարել է, որ եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ապա ռուսական 102-րդ ռազմաբազան, ՀԱՊԿ շրջանակներում ՌԴ ստանձնած պարտավորությունների համաձայն, կներգրավվի ռազմական գործողություններում:
Հետաքրքիր զուգադիպությամբ, մեկօրյա տարբերությամբ, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին հայտարարեց, որ «ՀԱՊԿ-ն կարող է հստակ մեխանիզմներ մշակել, որպեսզի Ռուսաստանն այլևս Ադրբեջանին զենքի չվաճառի»:
Եթե Արցախում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր մասնակցության մասին, այս ընթացքում, որոշակի մեսիջներ, թեկուզ թույլ, բայց հնչել էին, ապա Ադրբեջանին մատակարարվող սպառազինության հնարավոր կասեցման մասին հայտարարություն, առաջին անգամ է հնչում:
Սեպտեմբերի 3-ին, ՀՀ նախագահի՝ Մաքսային միության անդամակցելու որոշման մասին հայտարարությունից հետո, սա ռուսական կողմից հնչած առաջին լուրջ ազդակն էր առ այն, որ Հայաստանի որոշումը ոչ միայն կամրապնդի ՌԴ-ի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները, այլ նոր մակարդակի՝ առավել բարձր, կհասցնի երկկողմ հարաբերությունները անվտանգության բնագավառում: Սա բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում հատկապես Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնելու հարցում իշխանության կողմից մատնանշվող «անվտանգության գործոնի կարևորության մասին» պնդումների համատեքստում:
Որոշակի առումով, սա նաև պատասխանն էր ոչ միայն Ադրբեջանի կողմից, պարբերաբար հնչող պատերազմի վերսկսման մասին սպառնալիքներին, այլ այն ագրեսիվ քայլերին, որոնք հատկապես վերջին շրջանում նկատելի են սահմանագծին: Ընդ որում՝ ռուսական կողմը բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստանի ու Արցախի նկատմամբ ցանկացած ոտնձգություն՝ դրսևորվի դա առանձին միջադեպերի, թե լայնամասշտաբ գործողությունների տեսքով, սպառնալիք է՝ ուղղված նաև Ռուսաստանին:
Պետք է փաստել, որ ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանին զենք չվաճառելու վերաբերյալ մեխանիզմները մշակվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում, ինչը նշանակում է, որ գաղափարի կյանքի կոչելուց հետո Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու արգելք կսահմանվի նաև ՀԱՊԿ մեկ այլ անդամ Բելառուսի համար:
Միաժամանակ պետք է նշել, որ Ռուսաստանն իր քայլով ոչ միայն փորձում է ընդգծել հավատարմությունը, մինչ այս ՀԱՊԿ-ի կամ երկկողմ հարաբերություններում ընդունված համաձայնագրերի ու որոշումների առումով, այլ իր քայլերով փորձում է ապացուցել, որ իսկապես շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան