Աշունը «Խուլախուպի» ոճով. Երևանի կրկեսը ելույթ է ունենալու Տավուշի և Գեղարքունիքի մարզերում
«Երևանի կրկեսի կոլեկտիվը վառ տոն է նախապատրաստել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար: Մեր կրկեսային արտիստների ելույթները Տավուշի մարզում նախատեսված են նոյեմբերի 2-3-ին, իսկ Գեղարքունիքի մարզում՝ նոյեմբերի 9-10-ին»: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց Հայաստանի կրկեսային գործիչների միության մամուլի ծառայության ղեկավար Նարինե Կիրակոսյանը:
Նրա խոսով, դուետով հանդես եկող քույր և եբայր Անի ու Ռաֆայել Գասպարյանները հանդիսատեսին կներկայանան կրկեսային արվեստի ամենից հազվագյուտ՝ «Լիմբո» ժանրով պատրաստված համարով (անցում՝ տարբեր բարձրությւնների վրա դրվող ձողի տակով): Ընդ որում, նրանք այս ուրույն ժանրով իրենց համարը բարդացրել են դաշույնների գործածությամբ դրվագներով, որոնք հանդիսատեսները շատ են հավանել: Այդ համարը ներառված է նաև հյուրախաղային ծրագրում:
Իսկ Երևանի կրկեսի այս ելույթների բազմաժանր ծրագրում, որ մշակել ու նախապատրաստել է Ենգիբարյանի անվան Կրկեսային ստուդիայի ղեկավար Նաիրա Պետրոսյանը, ներառված է նաև մարմնամարզական օղակներով համար՝ «Խուլախուպ», որը կներկայացնի ստուդիայի շրջանավարտ Մարիշոկը:
Ներկայացման ընթացքում, որ սովորաբար մեկ ժամից ավելի է տևում, իրենց պատրաստած ուշագրավ համարները կցուցադրեն իլյուզոնիստներն ու ակրոբատները, ծաղրածուներն ու էկվիլիբրիստները, որ, ի դեպ, գործածում են ինչպես տարբեր մեծության կոճեր, այնպես էլ՝ աթոռներ:
Երևանի կրկեսի առաջիկա ելույթների ժամանակացույցը.
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
2-ը նոյեմբերի – Բագրատաշեն (ժ. 12:00-ին), Նոյեմբերյան (ժ. 14:30-ին), Իջևան (ժ. 18:00-ին)
3-ը նոյեմբերի – Բերդ (ժ. 12:00-ին), Դիլիջան (ժ. 17:00-ին)
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
9-ը նոյեմբերի – Վարդենիս (ժ. 14:00-ին), Մարտունի (ժ. 17:00-ին)
10-ը նոյեմբերի - Գավառ (ժ. 14:00-ին) և Սևան (ժ.17:00-ին):
Ելույթները նախատեսված են նշված քաղաքների և բնակավայրերի Մշակույթի տներում:
Հավելենք, որ շենքային պայմանների պատճառով Երևանում հանդես գալու հնարավորությունից ժամանակավորապես զրկված մեր կրկեսի կոլեկտիվն ամբողջ տարվա ընթացքում հյուրախաղային ելույթներ է ունեցել Հայաստանի բազմաթիվ մարզերում: Երևանի կրկեսի կոլեկտիվն ընթացիկ տարում, մինչ այս, հասցրել է իր ելույթներով ուրախություն պարգևել Լոռու, Շիրակի, Սյունիքի և Արարատի մարզերի բնակիչներին ու հատկապես՝ փոքրիկներին: Նմանապես, իր պատմության մեջ առաջին անգամ, Երևանի կրկեսն այս տարի հյուրախաղերով հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: