Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրան-ԱՄՆ հարաբերությունների բարելավումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը
«Իրանը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված առաջարկությունների փաթեթ է մշակել»,-այդ մասին Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է դեսպան Մոհսեն Փաք Այինը:
Իրանի դեսպանը, ադրբեջանական «Իրավունք և ազատություն» ամսագրին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև առկա հակամարտությանը և այդ համատեքստում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությանը, մասնավորապես պատասխանել է. «Քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել, հավանականություն կա, որ պատերազմը կարող է վերսկսվել: Տարածաշրջանում անվտանգության խաթարումը Իրանի համար վտանգ է ներկայացնում: Իրանը և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի հետ ցամաքային սահման ունի, հետևաբար անվտանգության հաստատումը բխում է Իրանի շահերից: Վերջին շրջանում թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի սպառազինության ավելացումը պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացնում է»:
Ադրբեջանում Իրանի դեսպանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործում Իրանի մասնակցության հավանականությանը, մասնավորապես նշել է. «Մենք պատրաստ ենք աջակցել խնդրի կարգավորմանը: Իրանը ԼՂ հակամարտության կարգավորման առնչությամբ առաջարկությունների հատուկ փաթեթ ունի մշակած: Եթե հակամարտող կողմերը Իրանի միջնորդական առաքելությունը ընդունեն, ապա Թեհրանը կհրապարակի իր առաջարկությունները»:
Այն հարցին, թե ԼՂ հակամարտության կարգավորման վրա ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը, դեսպան Փաք Այինը պատասխանել է. «Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների բարելավումը կնպաստի ոչ միայն ԼՂ հակամարտության կարգավորմանը, այլև կնպաստի աշխարհում անվտանգության հաստատման գործին»:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանը Հայաստանի հետ իր հարաբերությունները չի խզի
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանի և Հայաստանի լավ հարաբերությունները թույլ են տվել, որպեսզի ԼՂ հակամարտությունը կրոնականի չվերածվի
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հետ կապված որևէ անկայունություն լուրջ ազդեցություն կունենա Իրանի անվտանգության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում