Հոսանքազրկումը համակարգային խնդրի հետևանք է
Հանրապետության ողջ տարածքում հոսանքազրկումը համակարգային խնդրի հետևանք է:
ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը Panorama.am-ին հայտնեց, որ ԱԻՆ ճգնաժամային կենտրոնը կապվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանատուների հետ, ովքեր էներգետիկայի փոխնախարարի հետ կապվելուց հետո հայտնել են, որ տեղի է ունեցել համակարգային խնդիր, որի պատճառով հոսանքազրկվել են հանրապետության տարբեր մարզեր և Երևան քաղաքը:
«Շատ արագ այդ խնդիրը լուծվել է, Երևանի մեծ մասում խնդիրը վերացվել է, չորս մարզում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է, և շարունակվում է վերականգնվել»,-ասաց Նիկոլայ Գրիգորյանը:
Էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանն էլ Panorama.am-ին տեղեկացրեց, որ այս պահին մոնիտորինգ են իրականացնում, իսկ մանրամասներ կհրապարակեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվեց հանրապետության ողջ տարածքըում:
Ժամը 11.20-ի սահմաններում ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով կապ է հաստատվել ՀՀ Էներգետիկայի փոխնախարար Լևոն Շահվերդյանի հետ, ով հաղորդել է, որ հոսանքազրկումը տեղի է ունեցել ռելեային պաշտպանման համակարգի (ՌՊՀ) գործադրման պատճառով, տվյալ պահի դրությամբ կատարվում են աշխատանքներ ՌՊՀ-ի գործադրման հնարավոր պատճառները բացահայտելու ուղղությամբ: