Սկանդալ «Միկա» ցեմենտ»-ի շուրջ. 5 ամսվա աշխատավարձ չստացած տղամարդը սրտի կաթվածից մահացել է
«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին գրել է, որ Հրազդանի «Միկա ցեմենտ» գործարանի տնօրինությունը վերջերս հրաժարվել է վճարել իր աշխատակցի 5 ամսվա աշխատավարձը, ինչի հետևանքով 49-ամյա Արմենը հենց գործարանի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը կատարվածի շուրջ փորձել է մեկնաբանություն ստանալ գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանից, սակայն թերթի թղթակցի հետ զրույցում նա նշել է, թե գտնվում է Լեռնային Ղարաբաղում և չի կարող պատասխանել հարցերին: Թերթը փորձել է դեպքի մանրամասները պարզել գործարանի գլխավոր ինժեներ Ռազմիկ Ջոռուխյանից: Վերջինս հաստատել է, որ Արմենը մահացել է գործարանի մուտքի մոտ, սակայն դա որևէ կապ չունի աշխատավարձի հետ. «Արմենն աշխատում էր մեր երկաթգծի արտադրամասում: Նա ոչ մի աշխատավարձի համար էլ չի եկել, ստից լուրեր են տարածում, մենք աշխատավարձի պարտք չունենք, այսինքն՝ ընդամենը մի ամսվա պարտք կա»,-ասել է նա: