Վրացահայ աշակերտները մեկուկես ամիս է սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերին
Վրացահայ երեխաներն արդեն մեկուկես ամիս է սպասում են հայոց լեզվի և գրականության դասագրքերին: Մինչ երկու երկրների կրթության և գիտության նախարարությունները պաշտոնական գրություններ են ուղարկում իրար ու սպասում են պատասխանի, որ գրքերի տեղափոխումն իրականացնեն, աշակերտները հնամաշ գրքերով փորձում են սովորել լեզվի քերականությունն ու սերտել հայ գրողների ստեղծագործությունները:
Կրթական տարին Վրաստանի դպրոցներում ազդարարվել է սեպտեմբերի 16-ից, արդեն մեկ ամիս է Հայաստանի ԿԳՆ-ն ուղարկել է պաշտոնական գրություն, սակայն վրացական կողմը դեռ չի տվել համաձայնությունը:
ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության Սփյուռքի բաժնի պետ Նունե Վարդանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սպասում են Վրաստանի կրթության և գիտության նախարարության պատասխանին, որպեսզի այդ գրքերն առաքեն Վրաստանի տարածք: «Մինչև այդ համաձայնությունը, թույլտվությունը չլինի, մենք այստեղից ոչինչ չենք կարող ուղարկել: Արդեն մեկ ամսից ավել է` իրենց մոտ ինչ-որ ներքին գործընթացներ են սկսվել: Դեռ ձևակերպվում է որպես հումանիտար բեռ, դա ինչ-որ գրագրություն է ենթադրում: Երբ իրենց մոտ այդ ամենն արվի, կկապվեն մեզ հետ, ժամկետ կնշեն և այդ ժամկետներում գրականությունը կառաքվի Վրաստանի տարածք»,- ասաց նա:
Հարցին, հնարավոր չէ՞ ինչ-որ բան անել, որ գործընթացն արագանա, Նունե Վարդանյանը պատասխանեց, որ արդեն գործ ունենք այլ պետության հետ, գործում են իրենց օրենքները: «Գործընթացը ենթադրում է հետևյալը. մենք այստեղից պաշտոնապես դիմում ենք իրենց, գրում ենք, որ հայկական դպրոցների համար հումանիտար բեռ ունենք` գրականություն և գույք: Խնդրում ենք իրենց համաձայնությունը բեռը տեղափոխելու հարցում, դրանից հետո արդեն իրենք պետք է դա ճանաչեն հումանիտար ու համաձայնություն տան: Այսինքն, արդեն մեզանից ոչինչ կախված չէ, մենք սպասում ենք»:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից էլ «Հարավային Դարպաս»-ին հայտնել են, որ որոշակի ընթացակարգի անցումից հետո հայկական կողմ պատասխանը կուղարկվի և երեխաները անպայման գրքերը կստանան:
«Հույսով սպասում ենք, խոստացել էին ուղարկել մինչև սեպտեմբերի 16-ը, բայց մինչև այսօր ոչ մի արձագանք, լռություն է... Դասագրքերի վիճակը ահավոր է: Շատ հին դասագրքեր ենք օգտագործում, որոնք և բարոյապես են մաշված, և ֆիզիկապես: Ուղղակի ամաչում ես այդ գիրքը երեխային տալ, քրքրված, մաշված, ձեռքից ձեռք անցած: Վաղուց է` ինչ մենք գրականության գրքեր չենք ստացել»,- պարբերականին ասել է Հովհաննես Թումանյանի անվան հայկական դպրոցի տնօրեն Ռուզաննա Տեփոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները