Եվրախորհրդարանի պատգամավոր Պինո Արլակկիի թեման դեռ քննարկվում է իտալական մամուլում
«Երկար ժամանակ հանգստի ռեժիմում գտնվող Պինո Արլակկին նորից հայտնվել է, և դա արել է վատագույն ձևով»։ Այս մասին գրում է իտալական «Օրը» թերթի խմբագիր Ջիանկարլո Մազուկան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահական ընտրություններում Եվրոպական Խորհրդարանի ոչ պաշտոնական պատվիրակության ղեկավար, ԵԽ իտալացի պատգամավոր Պինո Արլակկիի շուրջ ծավալվող սկանդալի վերաբերյալ մի ընթերցողի հարցին։
Թերթի կայքում հրապարակված հարցում Միլան քաղաքից մի ընթերցող հետաքրքրվել է, թե ինչ է մտածում թերթի խմբագիր Ջիանկարլո Մազուկան (ով նախորդ տարի հարցազրույց էր վերցրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից) «հայերի ավանդական թշնամի» Ադրբեջանի վարչակարգի անցկացրած նախագահական ընտրությունները իբրև «ազատ, արդար ու թափանցիկ» պաշտպանող Պինո Արլակկիի այդ քայլի մասին` հիշեցնելով, որ անցյալում իրենք «դռներ էին բացել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի առջև, ով հերքում է հայերի ցեղասպանությունը»։
Ջիանկարլո Մազուկան պատասխանել է. «Երկար ժամանակ հանգստի ռեժիմում գտնվող Պինո Արլակկին նորից հայտնվել է, և դա արել է վատագույն ձևով։ Ադրբեջանում կատարվել է նույնը, ինչ նախորդ գարնանը տեղի ունեցավ նաև Ղազախստանում։ Դուք գիտեք, թե դա ինչպես տեղի ունեցավ. մեր տնտեսական (իմա՝ նավթային) շահերը Աստանայում պաշտպանելու համար մենք թույլատրեցինք ղազախ այլախոհի կնոջ արտահանձնումը Ղազախստան։ Ադրբեջանցիների հետ տեղի ունեցավ նույնը։ Այս դեպքում մենք մեր աչքը փակեցինք սև ոսկու վերաբերյալ՝ առանց այդ էլ պաշտպանված մեր համաձայնությունները պահպանելու համար…. Միշտ նույն բանն է լինում։ Մենք միշտ պատրաստակամ ենք լինում մի կողմ դնել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, երբ խոսքը գնում է տնտեսության մասին։ Ավելին, անցյալում մենք մեր դռները նաև բացել ենք Թուրքիայի վարչապետ Էրդողանի առջև, ով հերքում էր հայերի ցեղասպանությունը։ Ամեն անգամ մենք աղմուկ ենք բարձրացնում և սկանդալ դարձնում, բայց ամեն անգամ ճշտապահորեն նույն սխալներն ենք կրկնում»։
Հիշեցնենք, որ European Voice, BBC և այլ հայտնի միջազգային ԶԼՄ-ների հետ մեկտեղ նաև իտալական Panorama.it կայքն էր ծավալուն հետաքննական հոդված հրապարակել Ադրբեջանի իշխանությունների հետ «կասկածելի համագործակցություն» ունեցող Պինո Արլակկիի մասին:
Panorama.it-ը մասնավորապես գրել էր.
«Այսպիսի դիտորդները… կարող են շահագրգռված լինել տարատեսակ շահերով՝ քաղաքական կամ տնտեսական բնույթի, կամ նույնիսկ հարգանքի արժանացած լինեն տարբեր նվերներով, ինչպիսին է, օրինակ, ադրբեջանական հայտնի խավիարը», ինչը մեծ ծավալներով բաժանվում է Բրյուսելում: Կարճ ասած, թերթը մանրուքների հետևեից չի ընկնում և բացեիբաց կոռուպցիայի մեղադրանքներ է առաջ քաշում՝ առանց ավելի կոնկրետ փաստեր վկայակոչելու: Եվրոպական խորհրդարանը շփոթմունքի մեջ է և իր պատմության մեջ առաջին անգամ մոտակա օրերին կհավաքվի Արլակկիի և մյուս վեց անդամների նկատմամաբ կարգապահական տույժ նշանակելու հարցով քննարկումներ սկսելու համար»: