Պիպոյանը` վարակված կարտոֆիլի մասին. «Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ»
Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հարևան Վրաստանը Հայաստանից բերված կարտոֆիլը որակում է փտախտով վարակված ու հետ վերադարձնում: Առաջին դեպքն այս տարվա ապրիլին էր, երբ լաբորատոր փորձաքննության արդյունքները վկայակոչելով, Վրաստանը հետ ուղարկեց 12 հազար կգ կարտոֆիլ: Երկրորդ դեպքի մասին հայտնի դարձավ նոյեմբերի 1-ին, խոսքն այս անգամ ավելի մեծ խմբաքանակի մասին է` 470 հազար կգ:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից վստահեցնում են, որ Վրաստանի նման որոշումը եղել է բանավոր, որին չի նախորդել լաբորատոր փորձաքննություն: Ծառայության պետի մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը վստահեցնում է, որ վրացական կողմից հիվանդության առկայությունը հաստատող փաստաթղթեր են ուզել, սակայն դրանք հայկական կողմին դեռ չեն տրամադրվել:
Ծառայությունը չի հրապարակում, թե ի՞նչ ընկերություն է եղել արտահանողը, որտե՞ղ է աճեցված եղել կարտոֆիլը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, ով նախկինում ծառայության մամուլի խոսնակն էր, մտահոգություն է հայտնում, որ նախորդ դեպքի վերաբերյալ հայկան կողմը ոչ մի բողոք ոչ մի կառույցի չհասցեագրեց:
«Հիմա նույնը կրկնվում է: Եթե նույնիսկ Վրաստանը քաղաքական հարց է լուծում, ասենք հաշվի առնելով որ այն ինքնաբավ երկիր է ու սեփական արտադրողը ներկրումից վնաս է կրելու, ապա իրականացնում են այնքան գրագետ, որ որևէ խնդիր չեն ունենում»,-ասաց Պիպոյանն ու նկատեց, որ այդ երկրից պետք է սովորել ու ոչ թե Թուրքիայից սննդամթերք ներկրել ու տարբեր հիմնավորումներ բերել:
«Եթե Վրաստանը կարողանում է հիմնավորել ու մնալ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր, ապա դա նշանակում է, որ ամբողջ աշխարահին ինքը հիմնավորում է, որ ճշմարիտ է ինքը»,-ասաց ՀԿ նախագահը:
Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում արգելանք է դրվել պանիր արտադրող հայկական երկու ընկերությունների արտադրանքի վրա , Վրաստանի հետ արտահանման խմբաքանակի հետ կապված խնդիրներ են առաջանում:
«Մինչ օրս մենք բողոքե՞լ ենք միջազգային ատյան` բողոքարկելու այդ որոշումները: Եթե Վրաստանը անօրինական է գործում, պետք է բողոքել համապատասխան ատյաններ ու ստանալ եզրակացություն»,-ասաց նա, մտահոգություն հայտնելով, որ նման իրավիճակում ոչ շահեկան վիճակում են հայտնվում տեղացի արտադրողները:
«Եթե նույնսիկ քաղաքականություն է իրականացվում, պետք է թույլ չտալ հարևան երկրին նման բան անել: Հայաստանի համար դուռ է փակվում այն պարագայում, որ պետք է չփակվի»,-նկատեց ՀԿ նախագահը, ավելացնելով, որ այս պահին պետք է ծառայությունը սկսի մեծածավալ հետազոտություններ իրականացնել:
Ինչ վերաբերում է հետազոտություններին, ապա Պիպոյանը հիշեցնում է, որ Վրաստանը, ի տարբերություն Հայաստանի, հետազոտություն է իրականացնում pcr-ով, ինչը մեր ժամանակների լավագույն սարքն է հիվանդություններն ախտորոշելու համար:
«Հետևաբար, մենք չենք կարող իրենց հետ վիճել: Մենք մենակ սիբիրախտն ենք Պիսիառ-ով անում, այն էլ միայն վերջերս»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե վրացական կողմն առանց հետազոտություն անցկացնելու բանավոր կերպով հայտարարել է, թե կարտոֆիլը լավը չէ, Պիպոյանը նկատեց. «Եթե Հայաստանի նկատմամբ ուղղակի նայելով կարելի է ասել, ապրանքը լավը չէ ու ներկրումը թույլ չտալ, այդ դեպքում ինչո՞ւ ենք խոսում Առևտրի համաշխարահային կազմակերպությունից` ասելով, ո՞նց կարող ենք մենք Թուրքիայից ապրանքի ներկրումը չթույլատրել»:
Նախորդող հրապարակումներ`
Վրաստանը Հայաստանից ներկրվող կարտոֆիլը վարակված է համարում. Բախչագուլյանը խնդիրը տեղում հասկանալու համար կմեկնի Վրաստան
«Հայաստանը և Թուրքիան անդամակցում են ԱՀԿ-ին. այդ պետությունները իրար նկատմամբ առևտրային սահմանափակում չեն կարող կիրառել»
Թուրքիայից բերված սննդամթերքը սահմանային հսկողության չի ենթարկվում. «Իրավասություն կա, կամք չկա»