Սև գիշերների մահվան բիզնես. սեքս՝ կյանքի գնով
17 ամյա Բելլը հղի էր. նա ապրում էր Նորվեգիայում: Մի անգամ՝ խնջույքի ժամանակ, մի տղամարդ ոտքով հարվածել էր փորին, Բելլը կորցրել էր երեխային… Տղամարդը շատ հարուստ էր. կարողացել էր ազատվել պատժից: Սակայն շատ չանցած մահացել էր: Պաշտոնական ախտորոշումն էր՝ ստամոքսի քաղցկեղ: Բելլի հետագա ճակատագիրը ուսումնասիրողները տարիներ անց այդ ախտորոշումը լուրջ կասկածի տակ առան...Բելլը Սև այրի էր:
Սև այրիները տրվում են ոչնչացնելու համար: Նրանք քաղցր թույն սրտակեր սերիական մարդասպաններ կանայք են: Բնության մեջ այս կանայք ունեն իրենց նախատիպը. դրանք համանուն էգ սարդերն են:
Սև այրին գոյություն ունեցող ամենաթունավոր սարդերից մեկն է: Նրա խայթոցը 5-7 օրվա ընթացքում սպանում է մարդուն: Զուգավորումից անմիջապես հետո այս տեսակի էգ սարդերը, որոնք 2-4 անգամ ավելի մեծ են, քան արուները, սպանում և ուտում են արուներին:
Հայաստանի քրեկատարողական հիմնարակներում այսօր բազմաթիվ կանայք իրենց պատիժն են կրում՝ ամուսիններին սպանելու համար.ոմանք խանդի հողի վրա, ոմանք ընտանեկան վեճերից հոգնած. պատճառները տարբեր են: Սակայն, պետք է նշենք, որ ոչ մի հայուհի պատմության մեջ չի անմահացել սև այրի մականվամբ: Հավանաբար տղամարդը մեզ համար այնպիսի թանկություն է, որից հրաժարվելը հեշտությամբ չի տրվում: Սև այրիներ եղել են բոլոր ժամանակներում: Այսօր էլ կան. բավական է Google-ի որոնողական համակարգով փնտրել «սպանել է ամուսնուն» և շշմեցուցիչ արագությամբ բավականին մեծ թվով հոդվածներ կբերի (կես րոպեում՝ 142.000 անուն նյութ). վերնագրերն էլ՝ մեկը մեկից ահասարսուռ:
Փաստորեն, կանայք ավելի հաճախ, քան ընդունված է մտածել, դիմում են ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սերիական սպանությունների: Ուշագրավ է, որ կին սերիական մարդասպանների ամենատարածված տեսակը հենց սև այրիներն են: Ամեն դեպքում այսպես է նրանց ներկայացնում իր՝ «Կանայք, որոնք սպանում են» գրքում գրող Քերոլ Դեվիսը: Հեղինակը վստահեցնում է, որ
Սև այրին ունի հետևյալ առանձնահատկությունները.
սեռը- իգական
սկսում է սպանել- հիմանակնում 25 տարեկանի շեմն անցնելուց հետո
զոհերը- ամուսինները, սիրեկանները, ընտանիքի անդամները, և առհասարակ մարդիկ, ում հետ նրանք մտերմիկ հարաբերություն են ունենում
սպանության նախընտրելի գործիքը- թույն, հաճախ կիրառում են նաև դեղահաբեր, որոնք ի զորու են բնական մահի պատրանք ստեղծել
Հիմնական նպատակը- փող
Ոսումնասիրում եմ նրանց պատմությունները ու մնում ապշած. ներկայացնեմ մի քանիսը առանց դրանց հոգեբանական կողմերին անդրադառնալու:
12 տարի առաջ ՝ 2000թ.-ի փետրվարի 24-ին, մահվան դատապարտվեց 62-ամյա ամերիկուհի Բեթի Լու Բիթսը: Դահիճը նրան մահացու ներարկում արեց՝ 5-րդ ամուսնուն սպանելու համար: Թեպետ, ըստ շրջանառվող լուրերի, երկրորդ ամուսնու վրա կատարաված մահափորձն ու չորրորդի սպանությունը ևս այս տատիկի ձեռքի գործն էին, սակայն այդ հանացագործություներն ապացուցող ոչ մի փաստ չէր հայտնաբերվել….:
2008թ.-ին ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում իրավապահները տարիների ընթացքում ՝1952թ.-ից մինչև 1986թ.-ը, իր 5 ամուսիններին սպանելու մեղադրանք ներկայացրեցին 76-ամյա թոշակառու Բետտի Նոյմարին: Օմսկի բնակչուհի Նատալյայի զոհը 1990-ականներին դարձան նրա երեք ամուսինները...
Կարելի է բերել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր «Սև այրիների» այլ օրինակներ, նրանցից ոմանց մասին հանգիստ խղճով կարելի է նաև լռել, բայց թեմայի շրջանակներում չանդրադառնալ «Սև այրի» մականունը կրող, 1956թ.-ին Մոսկվայում ծնված Մարիա Բերգերին, աններելի է, թեպետ հարկ է նշել, որ սերիական մարդասպան-կանանց մեջ առաջնության «դափնին» մնում է նյութի սկզբում հիշատակաված Բելլ Սորենսոն Հաննեսսին՝ Սև այրի մականունով:
Նրա հայտնի զոհերի թիվը 42-ն են, սակայն կա նաև տեսակետ, որ իրականում Սև այրին ավելի մեծ թվով մարդկանց` 49-ին է զրկել կյանքից:
Ո՞վ էր Բելլը
Ծնվել է 1859թ. նոյեմբերի 11-ին՝ Նորվեգիայում: Մինչ ամուսնությունը նա կրում էր Բրունգիլդա Ստյորսետ անունը: Բրունգիլդային ճանաչողները միաբերան պնդում են, որ հարվածի պատճառով երեխային վիժելուց ու հարվածողի անպատիժ մնալուց հետո նրա բնավորությունն ամբողջովին փոխվեց: Դա չարաբաստիկ 1877թվականն էր:
Հաջորդ երեք տարիներին նա աշխատում է տարբեր ընկերություններում, գումար կուտակում և 1881թ.-ին տեղափոխվում ԱՄՆ, որտեղ էլ Բրունգիլդան դառնում է Բելլ:
Հենց այդտեղ էլ Բելլը ամուսնանում է չիկագոյաբնակ գործարար Մեդս Սյորենսոնի հետ: Բելլն ու Մեդսը ունենում են չորս երեխա: Նրանցից երկու ավագները դեռ մանուկ հասակում մահանում են: Բժշկական եզրակացության մեջ պատճառը նշվում է աղիքային հիվանդությունը, որի ախտանիշները, սակայն, չափից դուրս նման են թունավորման ախտանիշներին:
Շատ չանցած՝ 1890թ.-ին, մահանում է նաև Մեդսը: Ընդ որում, հենց այն միակ օրը, երբ նրա կյանքի ապահովագրման երկու պոլիսները միաժամանակ ուժի մեջ էին:
«Սև այրուն» երեխաների և ամուսնու մահից հետո բաժին է հասնում 8500 դոլար ապահովագրավճար, որը մեր ժամանակներում համարժեք է մոտ 220 հազարին: Չնայած ամուսնու հարազատները կասկածում և Բելլին են մեղադրում ամուսնու և երեխաների սպանության մեջ, սակայն ապացույցների բացակայության պատճառով նրան այդպես էլ մեղադրանք չեն ներկայացնում:
Շատ չանցած «Սև այրին» տեղափոխվում է այլ նահանգ՝ Ինդիանա: Ձեռք է բերում բավականին հարուստ մի ֆերմա Լա Պորտ քաղաքի մերձակայքում և սկսում ապրել խեղճ այրու կյանքով:
«Մահվան տունը»
Այստեղ Բելլն ամուսնանում է երկրորդ անգամ, սակայն հազիվ մեկ շաբաթ անց ամուսնու աղջիկը մահանում է պաշտոնապես «չպարզված հանգամանքներում»: Մի քանի ամսից աղջկան հետևում է հայրը: Կրկին հիմնական կասկածյալը Բելլն էր, սակայն էլի նրան հաջողվում է խուսափել պատժից:
Հենց այդ ֆերմայում էլ «Սև այրին» սպանությունները վերածում է մի իսկական մահվան բիզնեսի...
«Լա Պորտի (Ինդիանա նահանգ) մի ծաղկուն հատվածում գտնվող մեծ ֆերմայի տիրուհի գեղեցիկ այրին ցանկանում է ընտանիք ստեղծելու և կապիտալները միավորելու նպատակով ծանոթանալ հարուստ տղամարդու հետ...»:
Սա մեր խեղճ այրու լրագրային հայտարարությունն էր, որն էլ հետագայում ծառայեց բազում ոճրագործությունների բացահայտմանը:
Տարիներ շարունակ Բելլը լրագրային հայտարարությունների միջոցով «փեսացուներ» է գտել, հանդիպել իր տանը: Առաջիններից մեկը Ջոն Մոուն էր, ով Բելլի հայտարարության համաձայն այցելել էր նրան՝ իր հետ ունենալով 1000 դոլար, գրավի նման մի բան: Այդ գումարն արագորեն մտնում է Բելլի դրամապանակը, իսկ Ջոյի մասին այլևս ոչ մեկը չի լսում:
Հաջորդը Բելլին հյուրընկալվում է Ջորջ Անդերսոնը՝ էլի համապատասխան գումարով: Գիշերը քնած Ջորջը պատահաբար արթնանալով՝ տեսնում է գլխավերևը կանգնած Բելլին՝ դեմքի չարագուշակ արտահայտությամբ: Ձեռքին ծանր մոմակալ էր: Տեսնելով, որ Ջորջն արթնացել է, Բելլը արագորեն դուրս է փախչում: Առավոտյան Անդերսոնը շտապ հեռանում է Բելլի տանից և դառնում նրա այն միակ «փեսացուն», ով այս ողբերգությունների շարանից կենդանի դուրս է պրծել:
Եվ այդպես մոտ չորս տասնյակ «փեսացուներ» հայտնվում են Բելլի ագարակի հետնամասի հորերի մեջ: Արդյունքում Բելլը «վաստակում է» 250 հազար դոլարի կարգի գումար, որն այն ժամանակներում հսկայական էր:
Իսկ բացահայտմանը օգնում է անհետ կորած փեսացուներից մեկի քույրը, ով լրագրային հայտարության հետքերով, եկել գտել էր Բելլի՝ արդեն մոխրացած ագարակը, այդ հայտարությունը ցույց տվել շերիֆին և հայտնել, որ 1907թ.-ին իր եղբայրը դա կարդալով և նամակագրական կարճատև կապ հաստատելով հեղինակի հետ՝ մեկնել է նրան հանդիպելու, և դրանից հետո ոչ մի տեղեկություն չկա: Այդ իսկ պատճառով նա նախ գրել է այդ այրուն և պատասխան չստանալով՝ մեկնել է եղբորը փնտրելու: Կասկած չկար, որ հայտարարության հեղինակ «գեղեցիկ այրին» հենց Բելլն էր:
Ո՞վ էր հրդեհել Սև այրու «Մահվան տունը»
1908թ. ապրիլի 28-ին Բելլ Հաննեսսի ագարակը բոցերի մեջ կորած էր:
Այրված տանը հայտնաբերվեցին երեք երեխաների դիերը. երկուսը՝ առաջին ամուսնությունից: Նախնական տպավորությունն այն էր, որ երեխաներին մորթել էին մինչ հրդեհը: Հայտնաբերվեց նաև գլխատված կնոջ անճանաչելի մարմին, բայց գլուխն այդպես էլ չգտնվեց: Չնայած ճանաչելն անհնար էր, սակայն մատներին Բելլի մատանիներն էին, և եզրակացվեց, որ դա նրա դին է:
Ողբերգությունը, առանց չափազանցության, իր վրա էր հրավիրել ողջ Ամերիկայի ուշադրությունը: Մանրակրկիտ հետաքննություն էր ընթանում: Բժշկական եզրակացություններն սկսել էին նախնական տպավորությունները հերքող փաստեր ի հայտ բերել: Նախ պարզվեց, որ երեխաները մահացել են հրդեհի ժամանակ՝ խեղդվել են ծխից: Երկրորդը. Բելլն այդ ժամանակ ուներ բավականին պատկառելի մարմին՝ 110 կգ-անոց: Գլխատված կնոջ կառուցվածքն ավելի համեստ էր: Եվ, վերջապես, կնոջ դիակի ստամոքսում հատնաբերվեց թույն՝ ստրիխին, ինչը նաև Բելլի առաջին ամուսնու՝ Մեդսի մոտ էր հայտնաբերվել: Եվ ամենատարօրինակը, անբացատրելին զոհված կնոջ գլխի բացակայությունն էր. եթե գլխատել էին ինքնությունը թաքցնելու համար, ապա ինչո՞ւ էր մարդասպանը թողել մատանիները: Իսկ միգուցե հակառա՞կն էր. մատանիները դրել էին մեկ այլ կնոջ մատներին և գլուխը տարել, որ նրան Բելլի տե՞ղը դնեն: Բայց այդ դեպքում ո՞ւր է Բելլը, մի՞թե հենց նա է իր երեխաներին սպանողը...
Այդ բոլոր տարօրինակությունների արդյունքում շերիֆը սկսեց ստուգել նաև Բելլի բանկային հաշիվները: Այստեղ էլ արդյունքները անսպասելի էին. պարզվեց, որ մի քանի տարի շարունակ Բելլի հաշիվներին բավականին պատկառելի գումարներ են մուտքագրվել, իսկ հրդեհից ոչ շատ վաղուց գումարները հիմնականում կանխիկացվել էին:
Բելլի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, սակայն քանի որ նա այդպես էլ չգտնվեց, պաշտոնապես համարվեց հրդեհի ժամանակ մահացած:
1931թ.-ին Լոս Անջելոսում ամերիկյան իրավապահները ձերբակալեցին Էստեր Կարլսոն անունով մի կնոջ, ով թունավորել էր իր ամուսնուն՝ ապահովագրավճար ստանալու նպատակով: Երկու վկա, ովքեր ժամանակին տեսել էին Բելլին, հայտարարում էին, որ Էստերը հենց Բելլն է: Սակայն Էստերը մահացավ բանտում՝ դեռ դատավարությունն էլ չսկսված:
Բելլն անձամբ էր սպանում բոլորին
Բելլի սիրեկան, օգնական և համատեղության կարգով նաև ֆերմայի կառավարիչ Ռեյ Լամպֆերը միայն մահվան մահճում խոստովանահորը մեղա եկավ. «Ես լինելով Բելլին սիրահարված, միայն օգնել եմ դիակները թաքցնել: Բելլն անձամբ էր սպանում բոլորին, քանի որ նրան ավելի շատ հրապուրում էր ոչ թե փողը, այլ սպանելը. մի մասին թունավորում էր, մի մասին՝ մորթում, մի մասին էլ, որպես «էկզոտիկ» տարբերակ, քնեցնում, ապա պառկում վրան և իր մարմնի ծանրությամբ շնչահեղձ անում»:
Պատրաստեց Թեհմինե Հարությունյանը
Շարունակելի...