Իրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել
«Էներգետիկայի ոլորտում հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծված»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների էներգետիկ խորհրդի 44-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում առկա երկկողմ հարաբերություններին, նշել է. «Մենք համոզված ենք, որ ներկա պայմաններում Իրանի և Հայաստանի միջև առկա համագործակցությունը կարող է ընդլայնվել նաև նավթի, գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում»:
ՀՀ էներգետիայի փոխնախարարն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը: «Վերջերս Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ 2007-2012թթ. Ւրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել»,-նշում է իրանական աղբյուրը:
Հավելենք, որ վերջերս իրանագետ Ա. Իսրայելյան Panorama.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, մասնավորապես նշել էր. «Ներկայում Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմում են շուրջ 350 միլիոն դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրներն իրականացրել են մի շարք խոշոր տնտեսական նախագծեր: Դրանցից ամենակարևորը, թերևս, Իրան-Հայաստան գազատարի կառուցումն էր: Հայաստանն Իրանից ներմուծում է գազ, փոխարենը` Իրան է արտահանում էլեկտրաէներգիա: Երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումը ևս հնարավորություն կընձեռի առավել մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան: 2012թ. տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Ներկայում երկու երկրների կառավարությունների աշխատանքային օրակարգում են «Հայաստան-Իրան» երկաթուղու, «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի, նավթամուղի կառուցման նախագծերը»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում. Իրանագետի դիտարկումները
Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Հայաստանի հետ զարգացնել տնտեսական հարաբերությունները. Իրանագետի մեկնաբանությունը