Հայաստանի շինարարության ոլորտում այս տարի տնտեսական անկում է գրանցվելու. Քաղաքաշինության նախարար
«Հայաստանի շինարարության ոլորտում ունենալու ենք անկում, բայց դա կլինի 4.5 թե 2 տոկոս, դա տարեվերջին կասենք», - այսօր Ազգային ժողովում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը` միաժամանակ նկատելով, որ ժամանակավրեպ է այսօրվա վիճակում գնահատական տալ՝ շինարարությամբ պատմանավորված տնտեսական անկում կա, թե ոչ:
Նախարարի խոսքով, շինարարության ոլորտում անկումը նախ և առաջ պայմանավորված է միջազգային վարկերի ծավալների նվազմամբ և ոլորտը ոտքի կանգնեցնելու համար գումարներ են անհրաժեշտ: Այդ ուղղությամբ, ըստ նախարար Թադևոսյանի, վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է առաջարկությունների մշակմամբ: «Առաջնահերթությունը տրվելու է սոցիալական բնակարանների կառուցման ու շինարարական ընկերություններին երկարատև վարկերի տրամադրման ծրագրերին», -հստակցրեց Թադևոսյանը:
Նախարարը խոսեց նաև աղետի գոտում իրականացվող բնակարանաշինությանը և տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 5500 ընտանիքներ ապահովված են բնակարաններով, իսկ մինչև հաջորդ տարվա վերջ կլուծվի լրացուցիչ 1000 անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը:
2014 թվականին բյուջեի նախագծով քաղաքաշինության ոլորտին կառավարությունը հատկացնելու է 10 մլրդ 750 մլն դրամ: Նախարարի խոսքով, մշակված նոր ռազմավարության շնորհիվ, որն իրականացվելու է հաջորդ տարի, բացառելու են բյուջետային միջոցների փոշիացումը: Բացի այդ, նկատի ունենալով Հայաստանում առկա սեյսմիկ վտանգները, Թադևոսյանի խոսքով, առաջնահերթ որոշվել է վերանորոգման կարիք ունեցող շինություններում նախ ամրակցման աշխատանքներ իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում